Արծվիկ Մինասյան. Չեն անում, Հովիկ Արգամիչ, չեն անում, հակառակն են անում
Ազգային ժողովի արտահերթ նիստում ներկայացվեց «Կուտակային կենսաթոշակի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախագիծը, որի վերաբերյալ, սական, պատգամավորները հարցեր չունեին, որովհետև պատգամավորները դահլիճում չէին: Միայն հարց ուներ ուշացումով դահլիճ մուտք գործած ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«Ընդդիմությունը եկավ, հարցերն էլ հետը»,- կատակեց ԱԺ փոխխոսնակ Էդուարրդ Շարմազանովը: Բայց Ա. Մինասյանի հարցերը կապված էին «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրինագծի հետ:
Նա հիշեցրեց, որ ՀՅԴ-ն կառավարությանն առաջարկում էր նվազագույն աշխատավարձը դարձնել 75 հազար դրամ, ինչը գործադիր մարմինը մերժել էր` պատճառաբանելով, որ դրա արդյունքում կմեծանա ստվերային տնտեսությունը, որովհետև աշխատողները չեն ձևակերպվի:
«Ի՞նչ արեց կառավարությունը, մերժեց և հիմա բերում է այս նախագիծը և անունը դնում եք, որ իբր միջանկյալ լուծում եք տալիս: Բայց իրականում ոչ թե միջանկյալ լուծում եք տալիս, այլ սրանով ևս մեկ անգամ հաստատում եք ձեր անգործությունը և անհետևողական քաղաքականությունը»,- ասաց նա:
Անդրադառնալով հայտարարություններին, թե նվազագույն աշխատավարձը բարձրանում է, որովհետև հուլիսի 1-ից թանկացումներ են սպասվում, Արծվիկ Մինասյանը նկատեց. «Վեց ամիս առաջ չգիտեի՞ք, որ բարձրանալու է գազի և էլեկտրաէներգիայի գինը, չգիտեի՞ք, որ բնականոն գնաճ է տեղի ունենալու, չգիտեի՞ք, որ աղքատության ցուցանիշը մեծանալու է: Եթե գիտեիք՝ էն ժամանակ անեիք, իսկ եթե չեք արել էն ժամանակ, հիմա բերել եք տարվա կեսից նվազագույն աշխատավարձի բարձրացո՞ւմ եք իրականացնում: Սա սխալ մոտեցում է: Այ մարդ, վերցնեիք, մեր առաջարկը ձեզնով անեիք, անունը դնեիք, որ կառավարության առաջարկն է»:
Աժ նախագահ Հ. Աբրահամյանն էլ իր տեղից նկատեց, թե` անում են: «Չեն անում, Հովիկ Արգամիչ, չեն անում, հակառակն են անում: Հակառակն են անում, դրա համար է իմ վրդովմունքը»,- հակադարձեց ՀՅԴ պատգամավորը: