Էրդողանն իր ուղերձում կրկին չի հիշատակել ցեղասպանություն եզրույթը
Ապրիլքսանչորսյան այս տարվա ուղերձում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կրկին հայտարարել է, թե Օսմանյան կայսրության հայերը կյանքից զրկվել են Առաջին համաշխարհային պատերազմի դժվարին պայմաններում:
Թուրքիայի Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին հղած ցավակցական նամակում Էրդողանը գրել է, թե Օսմանյան կայսրության փլուզումն ուղեկցվել է բախումներով, հրոսակախմբերի շարժումներով, ահաբեկչություններով, համաճարակներով, ինչի ընթացքում էլ ի թիվս այլ ժողովուրդների, նաև հայերն են խորը ցավեր կրել:
Էրդողանի ուղերձն ընթերցվել է Ստամբուլի հայկական եկեղեցում մատուցված պատարագի ընթացքում:
«Բախումի փոխարեն նախընտրում ենք համաձայնությունը», – գրել է Թուրքիայի նախագահը, սակայն չի անդրադարձել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին:
«Խաղաղության, բարօրության, եղբայրության հիման վրա ավելի ցանկալի օրերի հասնելու առաջարկությամբ շարունակում ենք բոլոր հայրենակիցների և բարեկամների հետ միասնաբար գործել և պայքարել՝ նկատի չունենալով նրանց ազգային և կրոնական պատկանելությունները», – նշել է նա:
Պաշտոնական Անկարան շարունակում է ժխտել և չի ընդունում Հայոց ցեղասպանության իրողությունը։



