«Գարեգին Նժդեհ» նախաձեռնությունը դիմել է Սերժ Սարգսյանին. Սյունիքին զինվորականներ և գործարար-մեծահարուստներ չէ, որ պետք են
«Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնությունը (ք․ Գորիս) նամակով դիմել է Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանին՝ մտահոգություն հայտնելով Սյունիքի մարզպետի պաշտոնում սյունեցիների կողմից անընդունելի անձի նշանակումը կանխելու հարցով: Մամուլում շրջանառվող անունները նախաձեռնության անդամներին տագնապի տեղիք են տալիս:
Նամակում ասվում է, որ Սյունիքի մարզպետը պետք է լինի հայրենասեր, սյունեցիներին նվիրյալ, սյունեցիների կողմից ընդունված և հարգված, պետական համակարգում փորձառություն ունեցող գործիչ, ում կճանաչեն Սիսիանի Գոռհայքից մինչև Մեղրու՝ Իրանի սահմանի բնակիչները: Ցավոք, հնչող անունները հեռու են այս չափանիշներից: Սյունիքին զինվորականներ և գործարար-մեծահարուստներ չէ, որ պետք են․ Սյունիքին պետք են նվիրյալներ:
Ինչ վերաբերում է Սուրիկ Խաչատրյանի շրջապատից մեկին (օրինակ՝ այժմյան պաշտոնակատար Դոլունցին) նշանակելուն, ապա դա կլինի ոչ այլ ինչ, քան հաղթանակած սյունեցու արժանապատվության նսեմացում Հայաստանի բարձրագույն ղեկավարության կողմից:
Հավատում ենք, որ ճիշտ որոշում կկայացնեք:
«Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնություն
ք․ Գորիս, 18.06.2013թ․