Հովիկ Աբրահամյանը նկատողություն արեց Սեյրան Սարոյանին. Միթոմ օգուտ եք տալիս, հա՞… թողեք՝ թող մարդիկ խոսեն
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը ԱԺ-ում քննարկվող «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի վերաբերյալ հարց հնչեցրեց:
«Այս օրենքի հիմքում պետք է լինի արդարությունը, եթե ոչ` մենք մեղք գործած կլինենք` կռված, զոհված տղերքի նկատմամբ: Իսկապես սա կարևոր օրինագիծ է, ու մենք կողմ կքվեարկենք: Բայց փաստաթղթերի նկատմամբ վերաբերմունքը պետք է լինի ահավոր բծախնդիր` թացը չորի հետ չխառնվի, պատերազմի մասնակիցը այս կարգավիճակը ստանա, չմասնակցածն էլ հանկարծ չհայտնվի այս ցուցակում: Որովհետև սա իսկապես բարոյականության խնդիր է»,- ասաց ՀԱԿ պատգամավորը, ում խոսքն ընդհատեց օրինագծի համահեղինակ Սեյրան Սարոյանը:
Նա տեղից՝ գրեթե գոռալով սկսեց իր անհամաձայնությունը հայտնել պատգամավորի դիտարկումների վերաբերյալ: Ի դեպ, Արամ Մանուկյանը միակ պատգամավորը չէր, ում հարցադրումներն ու նկատառումները նման կերպ էին ընդունվում, նկատողության արժանանում Սեյրան Սարոյանի կողմից:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ ստիպված եղավ զայրանալ Ս. Սարոյանի վրա՝ ասելով. «Պարոն Սարոյան, ես չեմ հասկանում իմ նկատմամբ Ձեր անհարգալից վերաբերմունքը: Թողեք պատգամավորները խոսեն»:
Հովիկ Աբրահամյանի նկատողությունից հետո Ս. Սարոյանը շարունակում էր տեղից խոսել, ինչին հետևեց ԱԺ նախագահի արձագանքը. «Միթոմ օգուտ եք տալիս, հա՞… թողեք՝ թող մարդիկ խոսեն»:
Սամվել Ֆարմանյանն էլ ի պատասխան Արամ Մանուկյանի հնչեցրած մտահոգություններին, ասաց, թե երկրորդ կարծիք լինել չի կարող ու հարցը պետք է իսկապես արդար լուծվի: