Եվրահանձնաժողովը Զելենսկուց սպասում է մոտ ժամանակներս «Դրուժբա» խողովակաշարով մատակարարումների վերսկսում
Եվրոպական հանձնաժողովն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուց սպասում է հայտարարություն մոտ ժամանակներս «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի մատակարարումների վերսկսման մասին. դա անհրաժեշտ է Կիևի 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման համար, որի վրա վետո են դրել Հունգարիան և Սլովակիան։ Այս մասին հայտնել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Պաուլա Պինյուն Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ։
«Եվրոպական հանձնաժողովը սպասում է, որ Վոլոդիմիր Զելենսկին կհայտարարի «Դրուժբա» խողովակաշարով նավթի հոսքի վերսկսման մասին։ Այս պահին մենք այլ տեղեկություններ չունենք. մենք լսել ենք, որ դա կարող է տեղի ունենալ մոտ ժամանակներս», – Պինյուի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Նա հրաժարվել է որևէ տեղեկատվություն տրամադրել ի պատասխան լրագրողների այն հարցի՝ արդյոք եվրոպացի փորձագետները կարողացել են զննել խողովակաշարը, և արդյոք Կիևը Եվրահանձնաժողովից ստացել է որևէ գումար խողովակաշարի վերանորոգման համար։
Ավելի վաղ ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը հայտարարել էր, որ Կիևի համար 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման վերաբերյալ կարևոր որոշումների է սպասում ապրիլի 22-ին։
Հունվարի 27-ին Ուկրաինան դադարեցրել է իր տարածքով ռուսական նավթի մատակարարումները «Դրուժբա» խողովակաշարով դեպի Հունգարիա և Սլովակիա՝ նշելով, որ նավթամուղը վնասվել է ռուսական ավիահարվածների հետևանքով։ Հունգարիան և Սլովակիան արգելափակել են Կիևին 90 միլիարդ եվրո վարկի տրամադրումը և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը՝ պահանջելով նախ վերսկսել «Դրուժբա»-ի աշխատանքը:




