Արամ Մանուկյան. Հո երեխա չե՞ք՝ դատախազը կանի էն, ինչ կասի Սերժ Սարգսյանը, գործ կհարուցի նրա վրա, ում կասի Ս.Սարգսյանը

«Ի՞նչ եք կարծում, եթե իշխանությունը ներկայացրել է խախտումների մի ցուցակ, խախտումների պատկեր, ապա դա իրականության ո՞ր մասն է կազմում»,- ԱԺ-ում Վերահսկիչ պալատի 2012թ. տարեկան հաշվետվության մասին  ՀԱԿ դիրքորոշումը ներկայացնելիս՝ դիմելով պատգամավորներին, հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:

«Արդյո՞ք դրա հնգապատիկը Սերժ Սարգսյանի սեղանին չէ դրված: Այս խախտումները մեզ համար նորությո՞ւն են,- շարունակեց հարցնել պատգամավորը, ապա պատասխանեց,- Վստահ եմ՝ պատասխանը բացասական է: Ավելի մեծ ցուցակներ կան, ավելի մեծ խախտումներ, ավելի մեծ ձկների խախտումներով ցուցակներ կան: Արդյո՞ք պետք էր մասսայականացնել, էմոցիաներ զարգացնել այս հանցագործությունների դեմն առնելու համար: Երեք րոպեն էլ բավարար էր, որ Սերժ Սարգսյանը գործեր բացի: Բայց ոչ, այդպես պետք չի»:

Ըստ նրա` ՎՊ հաշվետվության մեջ ընդգրկված խախտումները համընդհանուր են, որովհետև բոլոր բնագավառներում էլ առկա է «ատկատը», հավելագրումները: Նա շեշտեց, որ, բացի ընդհանուր լինելուց, դրանք նաև համակարգային են, նույնական են ու համակարգված:

«Հանկարծ չմտածեք, որ մեկի գլխով անցել է` հարկայինին խաբել, մաքսայինին խաբել. սա կազմակերպված է, վերահսկվում է: Ինչո՞ւ են վերահսկվող, որովհետև դրա միջոցով ստեղծված է ՀՀ տնտեսական հանցագործությունների քարտեզի մի մասը, որը թույլ է տալիս դոսյեներ հավաքել ցանկացծի շուրջ ու դառնալ վերահսկելի: Ավելին` գաղտիք չէ` ո՞ր պատգամավորներ են ընտրվել հենց վերահսկելիության համար. այն պատգամավորներն են, որոնք մշտապես կքվեարկեն` ինչպես պետք է: Սա պահպանում է քաղաքական խոհեմությունը»,- ավելացրեց ՀԱԿ պատգամավորը:

Անդրադառնալով այն հայտարարություններին, թե խախտումների վերաբերյալ հաղորդում պետք է ուղարկվի ՀՀ գլխավոր դատախազությանը, Արամ Մանուկյանն ասաց. «Հո երեխա չե՞ք. դատախազը կանի էն, ինչ կասի Սերժ Սարգսյանը, գործ կհարուցի նրա վրա, ում կասի Սերժ Սարգսյանը: Ո՞ւմ եք վստահում` դատախազի՞ն՝ իրա բիզնեսը նշե՞մ, թե՞ դուք չգիտեք: Դատախազ, որը չի բացահայտել Մարտի 1-ի տասը սպանություններից և ոչ մեկը, լավ էլի…»:

Նրա խոսքով` սա քաղաքական մահակ է` Հայաստանում բիզնեսի դաշտը թելադրելի դարձնելու համար, ինչպես նաև կեղծ բարեփոխումների ակցիա է, որը, Արամ Մանուկյանի հավաստմամբ, ոչ մի էֆեկտ չի տալու, լինելու է արդարադատության իմիտացիա: Հարցը լուծելու համար նա առաջարկեց ստեղծել հանձնաժողով:

Տեսանյութեր

Լրահոս