«Կամ ՎՊ-ն է սուտ ասում, կամ կառավարությունը». Արծվիկ Մինասյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի համար անընդունելի է այն, որ «ուտելու, խժռելու, թալանելու» համար որևէ մեկը պատասխան չտա: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց Արծվիկ Մինասյանը` անդրադառնալով Վերահսկիչ պալատի 2012թ. տարեկան հաշվետվությամբ արձանագրված աղմկալի խախտումներին: «Այդ թալանածները չեն կարող լինել պատահական, միջին կարգի չինովնիկներ, դրանք համակարգեր են: Ստացվում է, որ կամ ՎՊ-ն է սուտ ասում, կամ Կառավարությունը: Չեն կարող երկուսն էլ ճիշտ ասեն, բայց հանրային փողերը կորեն-գնան»,- ասաց ՀՅԴ պատգամավորը` ավելացնելով, որ անհամարժեք վարքագիծը բերելու է հիասթափության, անարդյունավետ ծախսի մեծացմանը: Ա. Մինասյանը նշեց, թե ինքը զարմանում է, որ ԱԺ բարձր ամբիոնից կոնկրետ մեղադրանքներ են հնչում` հանցագործության մասին, որոնք նրա հաշվարկով մոտավորապես 15-ն են, որոնց համար կան օրենքով սահմանված պատժամիջոցներ: «Ոչ մեկ չի կասկածում, որ ՎՊ հաշվետվության ներքո քրեական հանցագործություն է թաքնված, իսկ սա փաստ է»,- շեշտեց նա: Անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի առաջարկությանն ուղղված ընդդիմությանը մասնակցել ԱԺ մոնտիտորինգին, Ա. Մինասյանն ասաց, թե իրենք «լավ գիտեն` թե դա ինչ է»: Ըստ նրա` ընդդիմությունը պետք է արդյունավետ լծակ ունենա խնդիրները լուծելու համար: Նրա հավաստմամբ, եթե ՎՊ-ի այս հաշվետվության արդյունքում որևէ մեկը պատասխանատվության չենթարկվի, սա կվերածվի «շոուի»: «Եթե իսկապես ուզում եք, որ Ձեր ծրագրին համապատասխան քայլ իրականացնենք, պետք է տեղ տաք, խնդրեք ընդդիմությանը, որ մասնակցեն պետականաշինության գործին` ոչ թե վանեք, ծնեք ձեր միջից ընդդիմություն: Այդ դեպքում` որպես կանոն պատասխանատվություն չեք կրի»: ՀՅԴ պատգամավորն իր խոսքն ավարտեց Սերժ Սարգսյանի խոսքերով` «հավատանք, որ փոխենք» ու շեշտեց, թե ինչպես ասում են ֆուտբոլային դիվանագիտության մեջ` «գնդակը ձեր դաշտում է` իշխանություն»:

Տեսանյութեր

Լրահոս