Արմեն Դուլյանի խնդրանքը
Վերջերս «Շանթ» հեռուստաընկերությունից հեռացված հեռուստահաղորդավար Արմեն Դուլյանը ֆեյսբուքյան իր էջում մի հետաքրքիր պատմություն է մեջբերել ռուս բանաստեղծ Վլադիմիր Մայակովսկու կյանքից և այս օրերին իրեն աջակցողներին խնդրել է՝ հետևելով այդ պատմությանը՝ իր մասին բոլոր լավ բաները «հասցեագրել այն հեռուստաընկերությանը, որն իրեն համարում է խուլիգան»:
«Անչափ շնորհակալ եմ բոլորից, ովքեր աջակցություն են հայտնել ինձ… Մենակ մի բան պատմեմ էլի… Վլադիմիր Մայակովսկին հրավիրված էր մի երեկոյի, որը կազմակերպել էր մի մեծահարուստ, որի աղջկա հետ Մայակովսկին ուզում էր ամուսնանալ, բայց այդ մեծահարուստը կտրականապես դեմ էր նրանց հարաբերություններին, որովհետեւ հաստատ համոզված էր, որ Մայակովսկին խուլիգան է… Այդ երեկոյի ընթացքում Մայակովսկու բազմաթիվ երկրպագուներից մեկը մոտենում է նրան ու սկսում լավ լավ բաներ ասել…. Մայակովսկին էլ ասում է՝ ՙՄի րոպե էլի… Այ տեսնում եք՝ այնտեղ կանգնած է այն մարդը, որը ինձ բոլորովին չի սիրում ու ինձ համարում է խուլիգան… Խնդրում եմ՝ այն լավ բաները, որ իմ մասին ուզում էիք ասել, գնացեք եթե կարելի է՝ այդ մարդուն ասեք՚…. Չգիտեմ, արդյոք Մայակովսկու մասին այս պատմությունը կարողացա ճիշտ ներկայացնել, որեւէ նկրտում անգամ չունենալով համեմատվելու ռուս մեծագույն բանաստեղծներից մեկի հետ, բայց մի բան խնդրեմ էլի՝ եթե գոնե մի փոքր լավ բան ունեք իմ մասին ասելու, շատ եմ խնդրում էլի՝ այդ լավ բաները իմ մասին հասցեագրեք այն հեռուստաընկերությանը, որը ինձ համարում է խուլիգան…»,- գրել է Արմեն Դուլյանը: