Թրամփի իրանական «թնջուկը» խճճվում է․ ի՞նչ սպասել առաջիկայում

Օրերս Պակիստանի միջնորդությամբ կամակերպված Իրան-ԱՄՆ բանակցությունները մայրաքաղաք Իսլամաբադում ըստ էության տապալվեցին։ Թեհրանի գլխավոր բանակցող, երկրի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Վաշինգտոնին չի հաջողվել շահել Թեհրանի վստահությունը։ X-ի գրառման մեջ Ղալիբաֆը հայտնել է, որ Պակիստանում անցկացված քննարկումների ժամանակ իր բանակցային թիմն «առաջ նայող» նախաձեռնություններ է ներկայացրել, սակայն Միացյալ Նահանգներին չի հաջողվել ձեռք բերել իրանական պատվիրակության վստահությունը։

«Իրանական պատվիրակության իմ գործընկերները կառուցողական նախաձեռնություններ են ներկայացրել, բայց բանակցությունների այս փուլի վերջնարդյունքում հակառակ կողմն ի վիճակի չեղավ շահել իրանական պատվիրակության վստահությունը»,- գրել է իրանցի պաշտոնյան՝ շարունակելով, որ ԱՄՆ-ը ընկալել է իրենց տրամաբանությունն ու սկզբունքները, և ժամանակն է, որ որոշի՝ ի վիճակի՞ է շահել Իրանի վստահությունը, թե՞ ոչ։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն էլ հայտարարել է, թե Իսլամաբադում մոտ 21 ժամ բանակցելուց հետո ԱՄՆ-ը և Իրանը չեն կարողացել համաձայնության գալ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ։ «Մենք մի շարք բովանդակալից քննարկումներ ունեցանք իրանցիների հետ, սա լավ լուրն է։ Վատ լուրն այն է, որ մենք համաձայնության չհասանք, և կարծում եմ, որ դա շատ ավելի վատ լուր է Իրանի համար, քան Ամերիկայի Միացյալ Նահանգների»,- ասել է Ջեյ Դի Վենսը։ «Մենք պարզապես չկարողացանք հասնել այնպիսի իրավիճակի, երբ իրանցիները կընդունեին մեր պայմանները»,- նշել է ԱՄՆ փոխնախագահը՝ հավելելով, որ Պակիստանից հեռանում են շատ պարզ առաջարկով, որն իրենց «վերջնական և լավագույն առաջարկն է»։ «Տեսնենք՝ արդյո՞ք իրանցիները կընդունեն այն»,- ասել է նա։

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր հերթին, անդրադառնալով բանակցություններին, հայտարարել է, որ Թեհրանը «բարեխղճորեն» մասնակցել է ԱՄՆ-ի հետ բանակցություններին, բայց հանդիպել է «մաքսիմալիզմի»։

Կարդացեք նաև

«47 տարվա ընթացքում ամենաբարձր մակարդակով ինտենսիվ բանակցությունների ընթացքում Իրանը բարեխղճորեն շփվել է ԱՄՆ-ի հետ՝ պատերազմը դադարեցնելու համար։ Սակայն, երբ ընդամենը մի քանի սանտիմետր էինք հեռու «Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրից», մենք հանդիպեցինք մաքսիմալիզմի, փոփոխվող նպատակակետերի և շրջափակման»,- X-ի իր էջում գրել է Արաղչին՝ հավելելով, որ դասեր չեն քաղվել, բարի կամքը ծնում է բարի կամք, թշնամությունը՝ թշնամանք:

Տապալված բանակցություններից հետո ԱՄՆ նախագահ Թրամփը վերսկսել է իր սպառնալիքները, նշելով, թե Միացյալ Նահանգների նավատորմը կշրջափակի Հորմուզի նեղուցը՝ արգելափակելով մուտք կամ ելք գործել փորձող բոլոր նավերի ճանապարհը։

Նախագահ Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում, մասնավորապես, գրել է․ «Եվ այսպես․ հանդիպումը լավ է ընթացել, կետերից մեծ մասի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, բացի այն միակ կետից, որն իրոք կարևոր էր՝ միջուկային հարցը։ Այս պահից սկսած, Միացյալ Նահանգների նավատորմը՝ լավագույնը աշխարհում, կսկսի Հորմուզի նեղուց մտնել կամ այնտեղից դուրս գալ փորձող բոլոր նավերը շրջափակելու գործընթացը»։ Նա նշել է, որ ինչ-որ պահի «կհասնեն «բոլորին թույլատրվում է մուտք գործել, բոլորին թույլատրվում է դուրս գալ» վիճակի, բայց Իրանը թույլ չի տվել, որ սա իրականություն դառնա՝ պարզապես հայտարարելով․ «Այնտեղ, մի տեղ, կարող է ական լինել»»։ Թրամփը վերահաստատել է, որ ԱՄՆ-ը Հորմուզն ականազերծելու գործողություն է սկսելու։ «Եթե մի իրանցի մեզ կամ խաղաղ նպատակներով այնտեղ գտնվող նավի հարվածի, կհայտնվի դժոխքում»,- ասել է նա։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ շրջափակումը կիրականացվի բոլոր երկրների նավերի նկատմամբ, որոնք մտնում կամ դուրս են գալիս իրանական նավահանգիստներից և ափամերձ տարածքներից «Արաբական ծոցում» և Օմանի ծոցում։ Հրամանատարությունը հավելել է, որ չի խոչընդոտելու Հորմուզի նեղուցով անցնող նավերի նավարկությանը, եթե դրանք ուղևորվում են դեպի ոչ իրանական նավահանգիստներ կամ այնտեղից են գալիս։

Իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան չի ներքաշվի Իրանի պատերազմի մեջ և չի մասնակցի Հորմուզի նեղուցի շրջափակմանը։ «Մենք չենք աջակցում շրջափակմանը»,- ասել է նա՝ հավելելով, որ նեղուցի վերաբացումը կենսական նշանակություն ունի։ «Իմ կարծիքով՝ կենսական է, որ մենք բացենք նեղուցը, և այն լիովին բաց լինի, և հենց դրա վրա ենք մենք կենտրոնացրել մեր բոլոր ջանքերը վերջին օրերին, և կշարունակենք դա անել»,- ասել է Սթարմերը, որի խոսքում նկատվել են տարաձայնություններ Վաշինգտոնի կայացրած որոշումների վերաբերյալ։ Ի դեպ, այս ամսվա վերջին սպասվում է Չարլզ 3-րդի այցը, որի օրակարգում մասնագետները կանխատեսում էին նաև այս հարցի քննարկումը։

Ռուս վերլուծաբան Վիկտոր Նադեին-Ռաևսկին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Թրամփի համար որոշումների ու քաղաքական մարտահրավերի նոր փուլ է հասունանում։ Նրա որակմամբ, այս բանակցությունների տապալմամբ Թրամփը հայտնվել է միաժամանակ երեք հակասական ճնշումների տակ՝ ներքին, արտաքին ու ժամանակային։ Ակնհայտորեն, նրա կարծիքով, Թրամփը չի կարող հեշտությամբ գնալ ոչ լիարժեք գործարքի, ոչ էլ ամբողջական էսկալացիայի։

«Այս ամենը բարդացնում է հենց Իրանի կոշտ դիրքավորումը։ Իրանն այս փուլում հանդես է գալիս առավել վստահ դիրքերից՝ տարածաշրջանային լծակների ակտիվ օգտագործում, հրաժարում համաձայնություններից, որոնք կիսատ են ու վստահություն չեն ներշնչում։ Թեհրանը փորձում է փոխել խաղի կանոնները՝ ԱՄՆ-ին ստիպելով բանակցել ոչ իր ավանդական պայմաններով։ Թեև բանակցությունները գնում էին, Իսրայելի գործողությունները ստեղծում էին «զուգահեռ ճակատ», որը ևս բարդացրեց բանակցության հաջողությունը։ Թրամփի համար իրավիճակը բարդանում է, որովհետև բանակցային լծակները նվազում են՝ Իրանը մեկուսացված չէ, ռիսկերն աճում են. տնտեսական բազմավեկտոր հետևանքները շատ են, կան տարաձայնություններ դաշնակիցների միջև, իսկ ԱՄՆ-ի նմանատիպ դիրքավորումն Իրանի նկատմամբ չունի շատ աջակիցներ աշխարհում։

Մեկ այլ կարևոր գործոն է նաև այն, որ  աշխարհաքաղաքական ֆոնը փոխվել է և բազմաբևեռ աշխարհում ԱՄՆ-ի ճնշման մեխանիզմներն արդյունավետ չեն։ Թրամփի «թնջուկը» բարդանում է, որովհետև նա փորձում է միաժամանակ՝ պահել կոշտ հռետորաբանությունը, խուսափել երկարատև, լայնածավալ պատերազմից, արձանագրել, հայտարարել դիվանագիտական հաղթանակի մասին, սակայն սրանք անհամատեղելի են կարծես։ Ուստի իրավիճակն էսկալացիայի տարբեր ռիթմով, բանակցային փորձերով, միջնորդների փոփոխումով կշարունակվի, Իրանի կոշտ դիրքավորումը կշարունակվի, քանի դեռ զգում է, որ ինքը չէ թույլ կողմն այս դիմակայությունում»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։

Նա գտնում է, որ սա չափազանց կարևոր ու ուշագրավ զարգացում է Հարավային Կովկասի համար։ «Աշխարհաքաղաքական նման անկանխատեսելի զարգացումները, որում ներգրավված են Հարավային Կովկասի համար երկու առանցքային պետություն՝ մեկը՝ տարածաշրջանային տերություն, մյուսը՝ գերտերություն, որոնց միջև դիմակայությունը երբեմն անսպասելի զարգացում է ունենում՝ կոտրելով համընդհանուր սպասելիքները, պետք է ճիշտ հետևությունների պատճառ դառնա։ «Իսկ գլխավոր հետևություններից մեկն այն է, որ բազմաբևեռ աշխարհում պետք է գործել աշխարհի կառուցվածքի ոչ թե նախկին, այլ ներկայիս բազմաբևեռ մոդելով, դա տեղին հետևություն է նաև Հայաստանի համար։ Գերտերությունը կարող է ունենալ նպատակ և չհաջողել, դա նորմալ է, և հենց դրան է բախվում Թրամփի վարչակազմը»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930