Բաժիններ՝

Կապանցիներն այլևս չեն վստահում «Հայջրմուղկոյուղուն»

Կապանում այսօրվանից ստորագրահավաք է սկսվել՝ ջրամատակարարման համակարգի սպասարկումը «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ից Կապան համայնքին վերադարձնելու պահանջով: Նախաձեռնող խմբի անդամ, «Կայուն զարգացում» ՀԿ նախագահ Արմեն Փարսադանյանը 168.am-ին հայտնեց, որ «Հայջրմուղկոյուղու» և Կապանի քաղաքապետարանի միջև ստորագրված պայամանագրի ժամկետը շուտով լրանում է և նախատեսվում է այն երկարաձգել 25 տարով՝ առանց փոխհատուցման: Մինչդեռ ընկերության կողմից մատուցվող ծառայության որակից մասսայական դժգոհություն կա:

«Մատակարարվող խմելու ջուրը հաճախ վտանգավոր է լինում նույնիսկ լողանալու համար: 8 տարիների կառավարման ընթացքում մատակարարվող խմելու ջրի որակը չի փոխվել, և մենք չգիտենք որտեղ են ծախսվում բաժանորդներից հավաքագրված գումարները: Պարբերաբար լսում ենք այս կամ այն միջազգային կառույցների կողմից տրվող վարկերի մասին՝ ուղղված ենթակառուցվածքների վերանորոգմանը կամ հիմնանորոգմանը, բայց ունենք այն, ինչ ունենք: Հավաքագրված գումարները նախընտրում ենք տնօրինել մենք ինքներս, և ոչ թե որևէ արտասահմանյան ընկերության գրպան մտնի»,- ասաց Ա. Փարսադանյանը՝ նշելով, որ ընկերությունը ՎԶԵԲ-ի և ԱԶԲ-ի հետ պայմանավորվածություն ունի 6 մլն դոլար վարկ տրամադրելու վերաբերյալ:

 

Նա նշեց, որ «Հայջրմուղկոյուղին» բնակչության վստահությունը կորցրել է: Ջրի վատ որակի համար ընկերությունը տարվա բոլոր եղանակներին պատճառաբանություն է գտնում. ամռանը՝ երաշտի պատճառով ջուրը քիչ է, ձմռանը՝ խողովակներն են սառչում, աշնանը և գարնանը՝ առատ տեղումների ու վարարումների պատճառով մաքրող կայանը չի հասցնում ջուրը ֆիլտրել:

Ընդ որում՝ ներկայումս կապանցիներին մատակարարվող ջուրը միայն քիմիական մաքրման է ենթարկվում: Ըստ Ա. Փարսադանյանի՝ խմելու ջուրը հաճախ պղտոր է և հոտ է գալիս: Խորհրդային տարիներին ջուրը նաև կվարցի ավազահատիկներով էր ֆիլտրվում: Կվարցը բերվում էր Ռուսաստանից: Այսօր արդեն դա թանկ հաճույք է, իսկ միայն քլորով ջուրը մաքրելը բավարար չէ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս