Բաժիններ՝

Ադրբեջանը հետաքրքրված է թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերով

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի զինվորական շրջանակները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հանդեպ:

Այս մասին գործակալությանը հայտնել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարությունից (SSM): Նշվում է, որ նախորդ տարվանից սկսած՝ կողմերը տվյալ թեմայով անցկացրել են մի շարք երկկողմանի հանդիպումներ:

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության ներկայացուցիչներն այցելել են Թուրքիա, գտնվել են այն ընկերություններում, որոնցում արտադրվում են ԱԹՍ-եր, ծանոթացել են դրանց արտադրման գործընթացին, ներկա են գտնվել դրանց թռիչքներին և հետազոտել են ԱԹՍ-երի տեխնիկական առանձնահատկությունները:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի սկզբին հայտնի դարձավ, որ թուրքական արտադրության առաջին ԱԹՍ ANKA-ն պատրաստ է զանգվածային արտադրության: ANKA-ի ստեղծման աշխատանքները մեկնարկել են 2004 թվականին, իսկ 2013 թվականին պաշտոնապես ավարտվել են ինքնաթիռի փորձնական թռիչքները:

Նախագծի վրա աշխատել է մոտ 180 ինժեներ: ANKA-ն պատկանում է միջին բարձրություններում գործող, հեռահար գործունեության ԱԹՍ-երի թվին: ANKA-ն ունակ է վեր բարձրանալ 9000 մետր, 24 ժամ գտնվել օդում և կրել ավելի քան 200 կիլոգրամ օգտակար բեռ:

Թուրքիան պլանավորել է հետագայում էլ ավելի կատարելագործել Anka անօդաչու հետախուզական ինքնաթիռը, և սպառազինության տեղակայմամբ այն վերածել անօդաչու հետախուզա-հարվածային ինքնաթիռի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս