Այսօր աստղագիտական գարնան սկիզբն է՝ գարնանային գիշերհավասարի օրը․ Լևոն Ազիզյան
Այսօր աստղագիտական գարնան սկիզբն է՝ գարնանային գիշերհավասարի օրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Այսօր Երևանի ժամանակով 18:46-ին, Արեգակը երկնքի հարավային կիսագնդից կանցնի հյուսիսային կիսագունդ, ինչն էլ աստղագիտական գարնան սկիզբը կլինի:
Ի՞նչ է գարնանային գիշերահավասարը
Գարնանային գիշերահավասարը ամենահետաքրքիր աստղագիտական երևույթներից մեկն է։ Համարվում է, որ այդ օրն ցերեկն ու գիշերը հավասար են՝ անկախ աշխարհագրական լայնությունից։ Սակայն դա իրականում այդպես չէ՝ ռեֆրակցիա կոչվող երևույթի պատճառով։
Մարտի 20-ից սկսած կիսագնդերում եղանակները «փոխվում են տեղերով»․ Հյուսիսային կիսագնդում սկսվում է աստղագիտական գարունը, իսկ Հարավայինում՝ աստղագիտական աշունը։ Աստղագիտական գարունը շարունակվում է մինչև ամառային արևադարձը, որը տեղի է ունենում հունիսի 21-ին։
Մեր ամենասիրված եկեղեցական շարժական տոներից մեկի Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի՝ Սուրբ Զատիկի օրվա հաշվարկը կապված է գարնանային գիշերահավասարի հետ: Ամեն տարի Զատիկի օրը գարնանային գիշերահավասարին հաջորդող առաջին լիալուսնից հետո եկող կիրակին է, և այս տարի այն նշվելու է ապրիլի 5-ին»,-գրել է նա։



