Նիկոլ Փաշինյանը՝ Իշխան Զաքարյանին. «Կարո՞ղ եք ներկայացնել` ի՞նչ միջոցներով եք կառուցել ձեր շքեղ առանձնատունը»
Ազգային ժողովում շարունակվում են Վերահսկիչ Պալատի 2012թ. տարեկան հաշվետվության քննարկումները: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նախ հաշվետվությունը գնահատեց որպես «հետաքրքիր ներկայացում», ապա ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանից հետաքրքրվեց նրա առանձնատան առնչությամբ. «Հիշո՞ւմ եք` այնցած տարվա մեր քննարկումները, որի ժամանակ ես հարց տվեցի ձեզ, որը, սակայն, անպատասխան մնաց: Հաշվետու ժամանակահատվածում դուք ավարտին եք հասցրել այն հսկայական դղյակի շինարարությունը՝ ՊՆ հարևանությամբ, որը անցյալ տարի դեռ շինարարության փուլում էր: Հիմա դղյակն արդեն բնակեցված է, վերջին տեղեկություններով` շատ տպավորիչ մեծ ծաղկեփնջերով զարդարված է եղել: Ես, իհարկե, երջանկություն եմ մաղթում ձեզ, ձեր հարազատներին, բայց մի փոքր ավելի երջանկություն եմ մաղթում ՀՀ-ին ու ՀՀ քաղաքացիներին: Կարո՞ղ եք ներկայացնել` ի՞նչ միջոցներով եք կառուցել ձեր շքեղ առանձնատունը»:
Ի պատասխան Իշխան Զաքարյանն ասաց, թե ինքը շատ լավ հասկանում է պատգամավորի հարցի ենթատեքստը, ապա նշեց, որ այս հարցի առաջնությունը որևէ մեկին չի պատկանում: նա հիշեցրեց, որ առանձնատան հարցը թերթերից մեկի կողմից է բարձրացվել ու ստացել այն անձնավորության պատասխանը, ով ներդրումները կատարել էր: Նա հայտնեց, որ ներդրումներ կատարողը սկսելու է երկրորդ առանձնատան կառուցումը: «Ձեր ասածն իմ գործունեությանը չի վերաբերում: Ցույց տվեք մի արձանագրություն, որտեղ ձեր ենթադրյալ ռիսկը կարող է լինել»,- նշեց Իշխան Զաքարյանը:
Նիկոլ Փաշինյանն էլ հակադարձեց, թե իր հարցը ենթատեքստ չէր պարունակում ու ինքն էլ մամումուլից հիշատակում արեց. «Անկեղծ ասած, ձեր պատասխանը չհասկացա: Ենթատեքստ չուներ իմ հարցը, նման հարցերը ենթատեքստ չեն պարունակում: Դուք այնտեղ ապրո՞ւմ եք, թե չե՞ք ապրում, սա է: Հիշեցնեմ ձեզ, որ ձեր կինը մամումուլում ընդունել էր, որ դա ձեր տունն է: Հիմա դուք ասում եք` ինչ-որ մարդ ներդրում է արել»: ՎՊ նախագահն էլ արձագանքեց. «Որևէ մեկը չի ժխտում: Ես էլ չեմ ժխտում, որը այդ տանը մենք ապրում եք: Եթե ուզում եք ներդրումների հիմքերը հատիկ առ հատիկ ցույց կտամ ձեզ»: