Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «բավական արագ կավարտվի»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը պատրաստվում էր «մեկ շաբաթվա ընթացքում» հարձակվել ԱՄՆ-ի վրա։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, պատերազմը կարճատև կլինի, բայց դեռ վերջնական հաղթանակի հասնել չի հաջողվել։ Այս մասին նա ասել է Ֆլորիդայում հանրապետական կոնգրեսականների առջև ելույթում, որի տեսանյութը տարածել է PBS News-ը։
Թրամփն անդրադարձել է դեմոկրատների քննադատություններին այն մասին, որ ԱՄՆ-ն և Իսրայելը ոչ մի պատճառ չունեին Իրանի վրա հարձակվելու։
«Ես ձեզ կասեմ լավագույն պատճառը՝ մեկ շաբաթվա ընթացքում նրանք պատրաստվում էին հարձակվել մեզ վրա, 100%-ով։ Նրանք պատրաստ էին։ Նրանք ավելի շատ հրթիռներ ունեին, քան բոլորը կարծում էին, և նրանք պատրաստվում էին հարձակվել մեզ վրա, նրանք պատրաստվում էին հարձակվել ամբողջ Մերձավոր Արևելքի և Իսրայելի վրա», – ասել է Թրամփը։
Ըստ ԱՄՆ նախագահի՝ եթե Իրանը միջուկային զենք ունենար, ապա այն կօգտագործեր Իսրայելի դեմ, և դա կլիներ լուրջ գրոհ։
Նա նշել է, որ ԱՄՆ-ն իսրայելցի գործընկերների հետ «ջախջախում է թշնամուն»։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ իրանական հրթիռային օբյեկտների և մեկնարկային կայանքների 80%-ը ոչնչացվել է։ Բացի այդ, նրա պնդմամբ, ոչնչացվել են անօդաչու թռչող սարքերը և դրանց արտադրության վայրերը։
«Մենք շատ ավելի ապահով աշխարհ կունենանք, երբ այս ամենն ավարտվի, իսկ այս ամենը բավական շուտ է ավարտվելու», – ասել է ԱՄՆ նախագահը։
Նա նաև նշել է, որ Իրանի դեմ դեռ հաղթանակ չի տարվել։
«Մենք արդեն շատ առումներով հաղթել ենք, բայց բավարար չափով չենք հաղթել։ Մենք առաջ ենք շարժվում՝ ավելի վճռական, քան երբևէ, որպեսզի հասնենք վերջնական հաղթանակի, որը մեկընդմիշտ վերջ կդնի այս վաղեմի վտանգին», – ասել է Թրամփը։
Իր հերթին, Reuters գործակալությունը հաղորդում է, որ Մերձավոր Արևելքում հակամարտության շուտափույթ ավարտի մասին Թրամփի հայտարարությունից հետո նավթի գինը նվազել է. Brent տեսակի նավթի գինը նվազել է 4,4%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 94,79 դոլարի, իսկ WTI նավթի գինը՝ 4%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 90,96 դոլարի։



