Ռուբեն Հայրապետյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից հրաժարվելու ցանկություն ունի
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, անդրադառնալով Դանիա-Հայաստան հանդիպմանը Հայաստանի հավաքականի փայլուն հաղթանակին, ասաց, թե դա «անսպասելի չէր, տղաները արել են այն, ինչ պարտավոր էին անել: Հավաքականը խաղացել է ոչ թե շատ լավ, այլ արել են իրենց գործը, որ պետք է անեին»:
Հարցին, թե ինչով է պայմանավորված փոփոխությունը, Ռուբեն Հայրապետյանը պատասխանել է, որ փոփոխություն չկա, բազմաթիվ պատճառներ կային:
ՀՖՖ նախագահի կարծիքով՝ Մալթայի թիմին թերագնահատելով՝ մտան խաղադաշտ, համարելով որ իրենք ավելի բարձրակարգ թիմ են, և պատժվեցին, իսկ Դանիայում մտան նվիրումով և անմնացորդ ամեն ինչ արեցին, և ունեցանք արդյունք:
Իսկ հարցին թե իր գործոնն ինչ-որ առումով ազդեցություն ունեցա՞վ, Ռ. Հայրապետյանը նշեց. «Բնականաբար, ֆեդերացիան անում է աշխատանքներ, թիմի մոտ կար հոգեբանական պրոբլեմներ, և պետք է անեինք ամեն ինչ, որ տղաները հաղթահարեին այդ պրոբլեմները»:
Ռուբեն Հայրապետյանը կարծում է, որ փոփոխություններ պետք է լինի թիմի մտածելակերպի մեջ, ինչն, իր կարծիքով, թիմը հասկացել է: «Ես կարծում եմ, որ մենք էլ ենք մեղավոր, որ շատ մեծարեցինք: Ինչպես հայ բոլոր ֆուտբոլիստները, եղել է պահ, որ ոտքերը կտրվել են գետնից, բայց հիմա ամուր գետնի վրա են կանգնած: Աստված տա, որ պահպանեն իրենց մարզավիճակը, իրենց մտածելակերպը, որ չի կարելի ժողովրդի և երկրի հետ խաղ անել, երկրպագուի հետ խաղալ և պետք է նվիրվածությամբ մտնել խաղադաշտ»:
Ռուբեն Հայրապետյանը նորմալ է վերաբերում նաև քննադատություններին,ինչը ըստ նրա օգնում է իրենց:
ՀՖՖ նախագահի պաշտոնից հրաժարվելու հարցին ի պատասխան Ռ. Հայրապետյանն ասաց. «Ազնվորեն ասեմ հրաժարվելու ցանկություն ունեմ, որովհետև դուք ուզում եք, ժողովուրդն այդպես է ուզում, իսկ որ ժողովուրդը մի բան ուզում է ես անում եմ»: