Հինգ կետ որպես օրվա ամփոփում. Իրանի ավելի ազդեցիկ քայլը եղել է Հորմուզի նեղուցը փակելու որոշումը. «Իրանն այսօր»

Հինգ կետ որպես օրվա ամփոփում`

1. ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի վրա հարձակումից անցել է 12 ժամից ավելի։ ԱՄՆ-ն ու Իսրայելը հաստատել են, որ նախահարձակ են եղել։ Հայտարարված նպատակներն են․

-Իրանի միջուկային ծրագրի կասեցում և հրթիռային կարողությունների վերացում,
-Իրանի ղեկավարության հեռացում, նոր վարչակազմի ձևավորման համար պայմանների ստեղծում։

Հարվածները եղել են Իրանի 32 նահանգներից 24-ում, հիմնականում թիրախավորվել են ռազմական ենթակառուցվածքներ, հրթիռային բազաներ, նավեր, ինչպես նաև քաղաքական և ռազմական ղեկավարությունը։

2. Հայտարարվել էր, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին մինչև հարվածների մեկնարկը Թեհրանից հեռացել էր ապահով վայր։ Օրվա մեջ հաստատվել է, որ ավիահարվածներից ոչնչացվել է Իրանի առաջնորդի նստավայրը։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նրա փեսան (դստեր ամուսինը) և հարսը (որդու կինը) սպանվել են։

Ամբողջ օրվա ընթացքում պարբերաբար եղել են տեղեկություններ, որ Խամենեին նույնպես զոհվել է։ Օրվա վերջում այդ լուրերը շատացել են։ Վերջնական հայտնի չէ՝ նա մահացել է, թե ոչ։

3. Ցավալի հարվածներից մեկը հասցվել է Իրանի Մինաբ քաղաքի աղջիկների դպրոցին, մահացել է 85 մարդ, որոնց մեծ մասը եղել են աշակերտները։
Առհասարակ ավիահարվածների հետևանքով 200-ից ավելի զոհ կա Իրանում։ Վիրավորվել է 700-ից ավելի մարդ։

4. Իսրայելի և ԱՄՆ-ի առաջին հարվածներին հետևել են Իրանի հարվածները։ Դրանք ուղղված են եղել Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ ռազմական բազաներին։ Իրանական հարվածների հետևանքով պայթյուններ են եղել Իսրայելի, ԱՄԷ-ի, Կատարի, Բահրեյնի, Քուվեյթի, Սաուդյան Արաբիայի տարածքներում։

Երկրների մեծ մասը փորձել է ՀՕՊ միջոցներով վնասազերծել իրանական հրթիռները, սակայն դրանց մի մասն այնուամենայնիվ հասել է թիրախներին։

Սա իր հերթին առաջացնում է վտանգ, որ արաբական երկրներն էլ կարող են պատասխան ներգրավվածություն ունենալ։

5. Իրանի ավելի ազդեցիկ քայլը եղել է Հորմուզի նեղուցը փակելու որոշումը։ Այդ նեղուցով է անցնում արաբական երկրներից դուրս եկող նավթի մեծ մասը, և այդ նեղուցի փակումը մեծ ազդեցություն է ունենում նավթի շարժի վրա։

Դրանից բացի, Իրանի հետ դաշնակցող հութիներն էլ որոշել են կրկին հարձակումներ գործել Կարմիր ծովով անցնող ոչ բարեկամական երկրների նավերի և Իսրայելի վրա։

«Իրանն այսօր» թելեգրամյան ալիք

Տեսանյութեր

Լրահոս