Բաժիններ՝

«Դրուժբա» խողովակաշարի շուրջ տարաձայնությունների ֆոնին հեռախոսազրույց է տեղի ունեցել Օրբանի և Ֆիցոյի, այնուհետև՝ Ֆիցոյի և Զելենսկու միջև

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց է անցկացրել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ։ Այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը՝ հղում անելով նախագահի գրասենյակին։

«Հենց այս պահին նախագահը զրուցում է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ։ Նախագահը նրան հրավիրում է Ուկրաինա՝ բոլոր առկա հարցերը քննարկելու համար», – նշված է հաղորդագրության մեջ։

Փետրվարի 27-ին ավելի վաղ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ զրուցել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Նա նշել է, որ իրենք համաձայն չեն այն պնդումների հետ, որ «Դրուժբա» խողովակաշարի վերագործարկումն անհնար է տեխնիկական խնդիրների պատճառով։

Հունգարիան և Սլովակիան ցանկանում են ստեղծել հետաքննչական հանձնաժողով և պահանջում են, որ Զելենսկին իրենց հասանելիություն տրամադրի այդ օբյեկտին։

Ըստ Օրբանի՝ հանձնաժողովի խնդիրն է ստուգել՝ արդյոք իրական է այն իրադրությունը, որի մասին հայտարարում է Կիևը։ Օրբանը հավելել է, որ «Դրուժբա»-ի փակումը սպառնում է երկու երկրների էներգետիկ անվտանգությանը։

Փետրվարի 12-ին Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան հայտարարեց, որ Ռուսաստանը հարվածներ է հասցրել «Դրուժբա» նավթամուղին, այնուհետև ռուսական նավթի տարանցումը դեպի Սլովակիա և Հունգարիա դադարեցվեց։ Բուդապեշտը և Բրատիսլավան Կիևին մեղադրում են խողովակաշարի վերագործարկումը քաղաքական պատճառներով հետաձգելու համար։

Ստեղծված իրավիճակի պատճառով երկու երկրները դադարեցրել են դիզելային վառելիքի մատակարարումներն Ուկրաինային, իսկ փետրվարի 24-ին Ֆիցոն հայտարարել էր, որ Սլովակիան դադարեցնում է էլեկտրաէներգիայի արտակարգ մատակարարումներն Ուկրաինային։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս