Դավիթ Սարգսյան. Վարչապետի մասին հրապարակված տեղեկությունները «հերյուրանք են, սուտ են»
«Կարո՞ղ եք արդյոք պարզաբանել տեղեկությունները հանրահայտ օֆշորային սկանդալի մասին: Մամուլում հրապարակումներ եղան, որ Տիգրան Սարգսյանը, Նավասարդ Կճոյանի և երրորդ անձի հետ օֆշորային գոտում բացել է հաշվեհամար, որի արդյունքում Հայաստանի բանկերից մեկի կողմից տրված 10 մլն դոլարի վարկը ըստ էության անհայտ վիճակում է հայտնվել, և մամուլում տեղեկություններ կան, որ այդ միջնորդության գործում Տիգրան Սարգսյանն անձամբ է դերակատարություն ստանձնել, և գումարների մի մասն էլ հետ են փոխանցվել տվյալ բանկ»,-Ազգային ժողովի այսօրվա նիստում մեկնարկած 2012թ.-ի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկման ժամանակ հարց ուղղեց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով. «Կառավարության անդամները պետական բյուջեից ստանում են աշխատավարձ, և մենք՝ յուրաքանչյուրս, իրավունք ունենք իմանալ, թե ինչով են նրանք զբաղվում երկրի տնտեսությունը ջղայնացած տեմպերով զարգացնելուց ազատ ժամանակահատվածում»:
Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը նկատեց, որ պատգամավորը նույն մամուլում կարող էր գտնել կառավարության պաշտոնական պարզաբանումը, որ «այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, հերյուրանք են, սուտ են»: Նախարարը նշեց նաև, որ Հայաստանի վարչապետը դիմել է իրավապահ մարմիններին՝ պարզաբանելու, թե ինչպես են այդ տեղեկությունները ստացվել:
Ըստ պատգամավորի, հենց խնդիրը դրանում է, որ փոխանակ դատախազությունը դիմեր Տիգրան Սարգսյանին, Տիգրան Սարգսյանն է դիմել դատախազությանը, որպեսզի կառավարության ներկայացուցիչն այսօր հնարավորություն ունենա ասելու, թե դիմել ենք դատախազությանը: «Իրենք 10 տարի կզբաղվեն, 20 տարի կուսումնասիրեն, հետո կպարզաբանենք այդ հարցերը, իսկ հանրությունն ուզում է անձամբ Տիգրան Սարգսյանից լսել հարցերի պատասխանները»,-արձագանքեց ընդդիմադիր պատգամավորը:
Ի պատասխան նախարարը կարծիք հայտնեց, որ խնդիրը կայանում է նրանում, որ Ն.Փաշինյանի կողմից հարցը տալու նպատակն այն հնչեցնելն էր, այլ ոչ թե պատասխան լսելը: