Ամերիկյան նավերը հեռացել են Բահրեյնի բազայից
Բահրեյնի բազայում գտնվող ամերիկյան նավերի մի խումբ լքել է տարածքը՝ ուղղվելով Պարսից ծոցի ջրեր: Այդ մասին հաղորդում է The Associated Press-ը՝ վկայակոչելով ամերիկյան Planet Labs ընկերության արբանյակային լուսանկարները, որոնք արվել են փետրվարի 25-ին։
Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հրաժարվել է մեկնաբանել իրադրությունը։
The Associated Press-ը հիշեցնում է, որ անցյալ տարվա հունիսին Կատարի վրա Իրանի գրոհից առաջ ամերիկյան 5-րդ նավատորմը նմանօրինակ ձևով իր նավերը դուրս էր բերել բազայից և տարակենտրոնացրել ծովում՝ հնարավոր հարձակումից պաշտպանվելու համար։
ԱՄՆ-ի ռազմածովային ինստիտուտի տեղեկատվական ծառայության տվյալներով՝ Պարսից ծոցի արևելյան մասում, Հորմուզի նեղուցի մերձակայքում, շարունակում են գտնվել ամերիկյան USS Mitscher և USS Michael Murphy հրթիռային էսկադրային ականակիրները և ափամերձ գոտու USS Canberra մարտանավը։ Դրանց գտնվելու վայրի որևէ փոփոխության մասին տվյալներ չկան։ Մինչդեռ ավելի վաղ ափամերձ գոտու երկու մարտական նավ՝ USS Tulsa-ն և USS Santa Barbara-ն, արդեն դուրս են բերվել Պարսից ծոցից։



