Ռուբիոն ակնկալում է Ժնևում արդյունավետ բանակցություններ Իրանի հետ
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է դիվանագիտական լուծումներ գտնել Իրանի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ պատասխանելով հարցին, թե արդյոք վերջ կտրվեն դիվանագիտական ջանքերին, եթե Ժնևում փետրվարի 26-ին կայանալիք բանակցություններն անհաջող լինեն։
«Չեմ կարծում, որ դիվանագիտությունը երբևէ կհանվի օրակարգից։ Նախագահը ցանկանում է դիվանագիտական լուծումներ։ Նա նախընտրում է դրանք՝ ավելին, քան որևէ այլ բան»,- պետքարտուղարության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ասել է Ռուբիոն։ Նա հույս է հայտնել, որ ժնևյան բանակցություններն արդյունավետ կլինեն։
«Մենք կքննարկենք հարցեր ոչ միայն միջուկային, այլև այլ թեմաների վերաբերյալ։ Սակայն եթե հնարավոր չլինի առաջընթաց գրանցել միջուկային ծրագրում, բարդ կլինի առաջընթաց գրանցել նաև բալիստիկ հրթիռների հարցում»,- նկատել է նա։



