Նախկին արքայազն Էնդրյուին արգելել են ձիավարել. The Sun
Մեծ Բրիտանիայի Չարլզ III թագավորի եղբորը՝ նախկին արքայազն Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորին արգելել են ձիավարել: Այս մասին հաղորդում է The Sun թերթը՝ հղում անելով աղբյուրի։
Փետրվարի 19-ին նախկին արքայազն Էնդրյուն ձերբակալվել էր ամերիկացի սեռական հանցագործ, հայտնի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ կապերի և պետական պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կասկածանքով. 12 ժամ կալանքի տակ մնալուց հետո նա ազատ էր արձակվել։
Ձերբակալությունից հետո ոստիկանությունը խուզարկություններ է անցկացրել Էնդրյուի բնակության վայրում՝ Նորֆոլկի կոմսության Սանդրինգհեմ կալվածքում գտնվող Վուդ Ֆարմ տանը, ինչպես նաև Բերքշիրի կոմսության Վինձորի դղյակի տարածքում գտնվող Ռոյալ Լոջ նստավայրում, որտեղ նա ապրում էր նախքան սկանդալի պատճառով վտարվելը։
«Անցյալ շաբաթ ձերբակալությունից ի վեր նրան արգելել են ձիով շրջել։ Դա վատ կընկալվի։ Նրանք կարծում են, որ նրան չպետք է ուրախ և ժպտացող դեմքով տեսնել ձիու վրա, ինչպես դա անում էր Վինձորում», – մեջբերել է թերթը աղբյուրի խոսքը։
Էփշտեյնի հետ կապերի պատճառով Էնդրյուն զրկվել է արքայազնի և դքսի տիտղոսներից։




