Բաժիններ՝

Մեքսիկան ևս 2500 զինվորական է տեղակայել Խալիսկոյում՝ «Էլ Մենչոյի» սպանությունից հետո խռովությունները զսպելու համար

Մեքսիկան լրացուցիչ 2500 զինվորական է տեղակայել երկրի արևմուտքում՝ Խալիսկոյի նահանգում, թմրակարտելի պարագլուխ Նեմեսիո Օսեգերա Սերվանտեսի՝ «Էլ Մենչոյի» սպանությունից հետո սկսված անկարգությունները զսպելու համար։

Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով պաշտպանության նախարար Ռիկարդո Տրևիյային։

Վերջին երկու օրում տեղակայված զինծառայողների ընդհանուր թիվը հասել է 9500-ի։ «Էլ Մենչոն» սպանվել է Խալիսկոյի նահանգի Տապալպա քաղաքում փետրվարի 23-ին՝ անվտանգության ուժերի հետ բախումների ընթացքում ստացած վերքերից։

«Խալիսկոյի նոր սերնդի կարտել»-ը, որը նա գլխավորում էր, Մեքսիկայի ամենաահարկու քրեական կազմակերպություններից մեկն է։

«Էլ Մենչոյի» մահվան լուրի տարածումից հետո նրա թմրակարտելի անդամները հարձակումներ են իրականացրել առնվազն 20 նահանգում։ Խալիսկոյի նահանգում փետրվարի 22-ից սկիզբ առած բախումների ընթացքում Մեքսիկայի ազգային գվարդիայի առնվազն 25 զինծառայող է զոհվել։

Ըստ Տրևիյայի՝ անվտանգության ուժերը «Էլ Մենչոյի» գտնվելու վայրն իմացել են՝ հետևելով նրա ընկերուհուն, որի հետ նա այդ պահին հանդիպման էր։ Գործողության ընթացքում զոհվել էին նրա թիկնապահներից 6-ը, 3 զինծառայող վիրավորվել էր։

«Էլ Մենչոն» մահացել է ուղղաթիռով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։

«Էլ Մենչոյի» քրեական կազմակերպության ևս 30 անդամ զոհվել է նրա մահվանից հետո տեղի ունեցած բախումների ընթացքում։

Թմրակարտելի անդամները հրկիզել են տասնյակ բանկեր և բիզնեսներ։ Իշխանությունները մարդկանց հորդորել են տնից դուրս չգալ։

ԱՄՆ-ն աջակցել է Մեքսիկայի իշխանություններին՝ հետախուզական տվյալներ տրամադրելով։ ԱՄՆ պետքարտուղարությունն ավելի վաղ 15 միլիոն դոլար էր առաջարկել «Էլ Մենչոյի» ձերբակալությանը հանգեցնող տեղեկատվության համար։Կարդացեք հոդվածը`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս