ԱՊՀ-ն փլուզվո՞ւմ է․ ՌԴ-ի գործընկերներն ակտիվորեն փորձում են դուրս գալ նրա ազդեցության ոլորտից․ «Независимая газета»
Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ Ռուսաստանի սահմանամերձ գոտում իրավիճակը փոխվում է: Ռուսաստանին սահմանակից երկրներում ի հայտ են գալիս նոր առաջնահերթություններ և նոր ռազմավարական գործընկերներ․ գրում է «Независимая газета»-ն:
Ինչպես նշվոում է, փետրվարի 10-ին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ստորագրել են երկու երկրների կառավարությունների միջև ռազմավարական գործընկերության խարտիա: Այս համաձայնագիրը կնքելով՝ Միացյալ Նահանգներն ամրապնդել է իր դիրքերը Հարավային Կովկասում և ստացել ելք դեպի Կասպից ծով: Ամերիկացիներն ապահովել են Հայաստանի համաձայնությունը «Թրամփի ուղու» կառուցման համար, որը կկապի Ադրբեջանը Նախիջևանի հետ՝ անցնելով Հայաստանի տարածքով: Երևանն ապահովել է ԱՄՆ աջակցությունն իր ինտեգրացիոն ջանքերի բոլոր ոլորտներում:
Վրաստանի կառավարությունը պատրաստ է բարելավել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Թբիլիսիում ԱՄՆ պետքարտուղարի քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուզրա Զեյայի հետ հանդիպման ժամանակ: Զրույցի ընթացքում վարչապետը հաստատել է, որ Վրաստանը պատրաստ է փոխադարձ քայլերի և «պրագմատիկ, ռացիոնալ և արդար մոտեցումների»: Այսպիսով՝ Հարավային Կովկասը դուրս է գալիս Ռուսաստանի ազդեցության գոտուց և մտնում ԱՄՆ ազդեցության գոտի:
ՆԱՏՕ-ն այժմ ՌԴ-ի սահմանների մոտ է՝ Կովկասում։ Միևնույն ժամանակ՝ ԵՄ-ն ավելի ակտիվ է դառնում մեկ այլ տարածաշրջանում, որն ավանդաբար կապված է Ռուսաստանի հետ։ Փետրվարի 11-ին Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը Բեռլինում հանդիպում է ունեցել Թուրքմենստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարների հետ։ Օրակարգում էին էներգետիկան և հակառուսական պատժամիջոցների շրջանցումը։ Բեռլինը փորձում է ամրապնդվել Կենտրոնական Ասիայում, որն առատ է գազով, նավթով և հազվագյուտ մետաղներով։ Ավելին՝ Գերմանիան և ԵՄ այլ երկրներ աշխատում են տարածաշրջանը Ռուսաստանի ազդեցությունից հեռացնելու ուղղությամբ։ Ռուսաստանին սահմանակից Ղազախստանը հետաքրքրություն է ներկայացնում ոչ միայն եվրոպացիների, այլև ԱՄՆ-ի համար։ Աստանան մնում է Ռուսաստանի գործընկերը, բայց այն անկախ քաղաքականություն է վարում արևմտյան երկրների նկատմամբ։
ՆԱՏՕ-ն, որը ներկայացված է ԱՄՆ-ի կողմից, ՌԴ-ին է մոտենում Ուկրաինայից և Հարավային Կովկասից։ Եվ այս տարածքը, ըստ էության, այլևս ԱՊՀ մաս չէ։



