Հստակեցվել է «Անգլերեն» առարկայի միասնական լրացուցիչ քննությանը մասնակցելու կարգը

Հունվարի 31-ին «Անգլերեն» առարկայի միասնական քննությանը մասնակցած դիմորդների համար Գնահատման և թեստավորման կենտրոնը մարտի 1-ին կազմակերպում է լրացուցիչ քննություն:

Այս մասին հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից՝ մանրամասնելով, որ հայտագրվելու համար դիմորդները պետք է մուտք գործեն dimord.am կայքի իրենց անձնական էջ և սեղմելով «Վերահանձնել» կոճակը՝ ներկայացնեն լրացուցիչ քննությանը մասնակցելու հայտ։

Հաջորդաբար, Գնահատման և թեստավորման կենտրոնը դիմորդի էլեկտրոնային հասցեին կուղարկի վերահանձնմանը մասնակցելու հաստատումը, իսկ քննությունից 3 օր առաջ դիմորդն էլփոստի միջոցով կստանա անցաթուղթը, որտեղ նշված կլինեն քննության վայրը և ժամը։ Հայտագրման գործընթացը կսկսվի փետրվարի 8-ին ժամը 12:00-ին և կավարտվի փետրվարի 12-ին ժամը 23:00-ին:

Նախկինում դիմորդի ներկայացված բոլոր տվյալները պահպանված են համակարգում, և դրանք կրկնակի ներկայացնելու անհրաժեշտություն չկա։

Լրացուցիչ քննության արդյունքների ամփոփումից հետո ընդունելության մրցույթի համար կպահպանվի առավել բարձր միավորը։

Հիշեցնենք, որ 2026 թվականի հունվարի 31-ին անցկացված «Անգլերեն» առարկայի միասնական քննության որոշ թեստերում արձանագրվել էր տեխնիկական խոտան:

Տեսանյութեր

Լրահոս