Թրամփն առաջարկում է ՌԴ-ի հետ նոր համաձայնություն կնքել՝ «Ռազմավարական սպառազինությունների կրճատման մասին» պայմանագրի փոխարեն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ աջակցում է նոր, բարելավված և արդիականացված համաձայնագրի կնքման՝ Ռուսաստանի հետ ավելի վաղ գործող «Ռազմավարական սպառազինությունների կրճատման մասին» պայմանագիրը երկարաձգելու փոխարեն։ Այս մասին նա գրել է իր Truth Social հարթակում։
««Ռազմավարական սպառազինությունների կրճատման մասին» պայմանագիրը երկարաձգելու փոխարեն, մենք պետք է մեր միջուկային փորձագետներին հանձնարարենք աշխատել նոր, բարելավված և արդիականացված համաձայնագրի վրա, որը գործի երկար ժամանակ», – գրել է ԱՄՆ ղեկավարը։
Թրամփը նաև քննադատել է «Ռազմավարական սպառազինությունների կրճատման մասին» պայմանագիրը՝ նշելով, որ այն «վատ է բանակցվել» ԱՄՆ-ի կողմից և բացի այդ, «կոպտորեն խախտվել է»։
Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը, հղում անելով իրազեկ աղբյուրի, հայտնել է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն պատրաստակամություն են հայտնել պահպանել «Ռազմավարական սպառազինությունների կրճատման մասին» պայմանագրի պայմանները ևս առնվազն վեց ամիս, որի ընթացքում բանակցություններ տեղի կունենան նոր համաձայնագրի շուրջ։
2026 թ. փետրվարի 5-ին լրացել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև «Ռազմավարական սպառազինությունների կրճատման մասին» պայմանագրի ժամկետը։ Այս փաստաթուղթը կարգավորում էր աշխարհի երկու խոշորագույն միջուկային զինանոցների քանակը և միջազգային կայունություն ապահովող հիմնական համաձայնագրերից մեկն էր։ ԱՄՆ-ն և Ռուսաստանը պայմանագիրը ստորագրել էին 2010 թվականին: 2021 թվականին այն երկարաձգվել էր ևս հինգ տարով՝ մինչև 2026 թվականը։
ԱՄՆ-ին և Ռուսաստանին բաժին է ընկնում աշխարհի միջուկային զինանոցի 86%-ը:
2025 թ. հոկտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր ԱՄՆ-ին կամավոր կերպով ևս մեկ տարի պահպանել պայմանագրով նախատեսված սահմանափակումները: Ամերիկյան կողմը չէր արձագանքել այս առաջարկին:
