«Էրդողանի փոխարեն պինգվին». թուրքական հեռուստաալիքների բողոքը (լուսանկարներ)
Newsru.com-ի փոխանցմամբ՝ արդեն 11-րդ օրն է, ինչ Թուրքիայում չեն դադարում հակակառավարական բողոքի այցիաները, որոնց ընթացքում զոհվել է 4 և տուժել է ավելի քան 3500 մարդ:
Ցուցարարները վստահ են, որ գլխավոր ԶԼՄ-ները կոշտ գրաքննության են ենթարկվում իշխանությունների կողմից, ինչը և զայրացնում է ակտիվիստներին: Օրինակ, բողոքի ակցիաները լուսաբանելու փոխարեն, թուրքական հեռուստաալիքները ցուցադրում են խոհարարական և կենդանիների մասին հաղորդումներ:
Այն ժամանակ, երբ CNN International հեռուստաալիքով ցուցադրվում է Թուրքիայի բողոքի ակցիաները, որոնց ընթացքում ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ կիրառում է արցունքաբեր գազ և ծեծի է ենթարկում նրանց, միևնույն ժամանակ CNN Türk-ով ցուցադրվում է վավերագրական ֆիլմ պինգվինների մասին:
Հենց պինգվինն էլ Թուրքիայում դարձել է բողոքի խորհրդանիշ: Այն կարելի է տեսնել ցուցարարների սպորտային հագուստների ու դրոշների վրա, որոնք դրանով իսկ իրենց բողոքն են հայտնում ԶԼՄ-ների կողմից լռություն պահպանելու դեմ: Ցուցարարները հայտարարել են, որ գրաքննության պատճառով երկրի խորքերում բնակվող բազմաթիվ թուրքեր տեղյակ չեն, թե ինչ է կատարվում երկրում:
Որքան էլ որ զարմանալի է, հեռուստաալիքներն անգամ խոսոտվանում են իրենց սխալները: Օրինակ, NTV-ի գլխավոր տնօրեն Սեմ Այդընը չի բացառել, որ իրենց լսարանն իրեն դավաճանված է զգում՝ հավելելով, որ որոշակի առումով արդարացված են հեռուստաալիքին բաժին հասած քննադատությունները:
«Դավաճանված» ակտիվիստները ստիպված են հույսները դնել միայն իրենց վրա: Բողոքների, հավաքվելու վայրերի և հետագա նորությունների մասին տեղեկություններով նրանք կիսվում են սոցցանցերով:
Թուրքական Star թերթն իր հերթին հայտնել է, որ թուրքական երեք հեռուստաալիքներ՝ Hayat TV, Halk TV և Ulusal Kanal, Հյուսիսային Աֆրիկայից Ստամբուլ Էրդողանի ժամանումն ուղիղ եթերով հեռարձակելու փոխարեն, որպես բողոքի նշան՝ սկսել են ցուցադրել պինգվինների մասին մուլտֆիլմեր ու հաղորդումներ, ինչը թերթը վերնագրել է որպես «Էրդողանի փոխարեն պինգվին»: