ՄԱԿ-ը սիրիացիներին հումանիտար օգնություն ուղարկելու համար խնդրել է ռեկորդային գումար
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ը հայտարարել է, որ Սիրիային հումանիտար օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է մինչև տարեվերջ հավաքել 5.2 միլիարդ դոլար: Այս մասին նշված է ՄԱԿ-ի՝ Փախստականների գործերով գործակալության տարածած մամլո հաղորդագրությունում:
Նշվում է, որ դա ռեկորդային գումար է, որը երբևէ իր անդամներից խնդրել է ՄԱԿ-ը: Այդ գումարից 3 միլիարդ դոլարը նախատեսված է Հորդանանում, Լիբանանում, Թուրքիայում, Իրաքում ու Եգիպտոսում գտնվող սիրիացի փախստականների համար:
Ներկայումս նրանց քանակը կազմում է 1.6 միլիոն մարդ: ՄԱԿ-ի կանխատեսմամբ՝ մինչև տարեվերջ սիրիացի փախստականների քանակը կարող է հասնել 3.5 միլիոնի: Հավելյալ 830 միլիոն դոլար է անհրաժեշտ Լիբանանին ու Հորդանանին, որոնք ընդունել են սիրիացի փախստականների մեծ մասին:
Բացի այդ, ՄԱԿ-ի կարծիքով՝ 1.4 միլիարդ դոլար է անհրաժեշտ վճարելու Սիրիայում ներքին տեղահանվածներին, որոնք պատերազմի պատճառով հարկադրված են եղել լքել իրենց տները: Հավաքված գումարը փոխանցվելու է 100 ոչ կոմերցիոն կազմակերպությունների, ՄԱԿ-ի գործակալություններին ու Կարմիր խաչի բաժանմունքներին:
Նրանց գործողությունները կոորդինացնելու է ՄԱԿ-ի՝ Փախստականների հարցերով գործակալությունը: ՄԱԿ-ը հայտարարել է, որ այս տարվա սկզբից իրեն հաջողվել է անդամ երկրներից հավաքել ընդամենը 1 միլիարդ դոլար՝ Սիրիային օգնելու համար: Ավելի վաղ ՄԱԿ-ը գտնում էր, որ Սիրիային անհրաժեշտ է ցուցաբերել 3 միլիարդ դոլարի օգնություն, սակայն հետագայում նա վերանայեց այդ թիվը: