Դատարանն ավարտեց վկաների հարցաքննությունը. հերթը տուժող Հայրիկյանինն է

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Պարույր Հայրիկյանի վրա մահափորձի գործով դատական նիստը: Նիստի ընթացքում հարցաքննվեցին գործով մի քանի վկաներ: Վկա Ամալյա Խաչատրյանը, ով Պարույր Հայրիկյանի հարևանն էր, նշեց, որ դեպքի օրն իր ամուսինը ձայներ է լսել, որից հետո դուրս են եկել տանից և տուժող Հայրիկյանին գետնին ընկած տեսել: Վկա Խաչատրյանն ասաց նաև, որ Հայրիկյանը վիրավորված է եղել:

Դատարանում ցուցմունքներ տվեցին նաև Պարույր Հայրիկյանի հարևաններ Արտավազդ Դավթյանն ու Կարեն Հայրապետյանը: Նրանք դեպքը ներկայացրեցին նույն կերպ, ինչ Ամալյա Խաչատրյանը: Վկա Կարեն Հայրապետյանն ասաց, որ ինքը 2 «ճտոց» և օգնություն կանչող գոռոց է լսել: Դրանից հետո նայել է պատուհանից ու նկատել Պարույր Հայրիկյանին: Վկան ասաց նաև, որ ինքը սև զգեստով հեռացող անձի է նկատել, սակայն չի կարող նկարագրել նրա արտաքին տեսքը. «Ոչ գույնը, ոչ բոյը, ոչ սեռը չեմ կարող ասել»: Դատական նիստի ընթացքում հարցաքննվեց վկա Կարեն Զաքարյանը: Վերջինս դատարանում ասաց, ինքը տաքսու վարորդ է և դեպքի օրը Հանրապետություն փողոցից գործով ամբատանյալ Խաչատուր Պողոսյանին տարել է Քանաքեռ: Նա նշեց, որ իր ուղևորը հանգիստ վիճակում է եղել: Վկայի խոսքով՝ իրեն հարցաքննելիս իրեն հիշեցրել են այդ ուղևորին և ցույց տվել նրա նկարը: Գործով մեղադրող Արամ Ամիրզադյանը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքները՝ հաշվի առնելով, որ դատաքննության և նախաքննության ընթացքում վկայի տված ցուցմունքներում առկա են էական հակասություններ: Դատարանը բավարարեց մեղադրող դատախազի միջնորդությունը: Մասնավորապես,  վկան նախաքննության ընթացքում հայտնել էր, որ այն անձը, ում ինքը տեղափոխել է տաքսիով, 40-45 տարեկան հասակի է եղել, կրել է սև գույնի սպորտային գլխարկ և «դուբլյոնկա»: Վկան ասել էր, որ մինչ տեղ հասնելն իր ուղևորը մի քանի անգամ խոսել է հեռախոսով և ինչ-որ մեկին ասել, որ գա և վճարի տաքսու գումարը: Վկա Զաքարյանը նախաքննության ընթացքում հայտնել էր նաև, որ ճանապարհին ամբաստանյալը պարբերաբար ձեռքը տարել է վերարկուի տակ՝ դեպքի սիրտը, որտեղից տոպրակի խշշոց է լսվել:  Նախաքննական ցուցմունքների հրապարակման արդյունքում պարզ դարձավ նաև, որ վկան հեռուստացույցով տեսել է Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ կատարելու մեջ մեղադրվող անձանց և ճանաչել իր տեղափոխած ուղևորին:

Դատական նիստի ընթացքում հրապարակվեցին գործով երկու վկաների նախաքննական ցուցմունքները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք Հայաստանի Հանրապետության տարածքում չեն գտնվում: Սրանով դատարանն ավարտեց վկաների հարցաքննությունը. Հաջորդ դատական նիստի ընթացքում, որը տեղի կունենա հունիսի 12-ին, կհարցաքննվի գործով տուժող Պարուր Հայրիկյանը:

Տեսանյութեր

Լրահոս