Ջոն Քերին կարող է առավել նշանակալից դեր խաղալ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում. Բրայզա
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նախկին համանախագահ և Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան այսօր Բաքվում լրագրողների հետ ունեցած զրույցում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Կարծում եմ, որ առաջընթաց չկա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Սակայն դա չի նշանակում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն ձեռնարկում որևէ փորձ: Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները չեն վստահում միմյանց:
Ինչ-որ մեկը պետք է ստեղծի այդ վստահությունը: Դա կարող է անել և՛ Բարաք Օբամայի վարչակազմը, և պետքարտուղար Ջոն Քերին: ԵԱՀԿ Մինսկի խմբում նշանակելով մշտական համանախագահ (ներկայումս այդ պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնում է Յան Քելին)՝ ԱՄՆ-ը կուժեղացնի կարգավորման գործընթացում իր փորձերը:
Դրանից հետո Ջոն Քերին կարող է ավելի նշանակալից դեր խաղալ հակամարտության կարգավորման գործընթացում: Մինչև (Ադրբեջանում կայանալիք նախագահական) ընտրություններ չպետք է առաջընթաց ակնկալել հակամարտության կարգավորման գործընթացում»: