Վլադիմիր Պուտինի կյանքում այլ կին գոյություն չունի. Դմիտրի Պեսկով
Эхо Москвы ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը ենթադրություն է անվանել այն խոսակցությունները, որ նախագահ Վլադիմիր Պուտինն ամուսնալուծվելուց քիչ անց վերստին ամուսնանալու է:
Պեսկովն ընդգծել է, որ պետության ղեկավարի կյանքում գոյություն չունի այլ կին և կոչ է արել ուշադրություն դարձնել նախագահի աշխատանքային գրաֆիկի վրա. «Կարելի է հասկանալ, որ նրա կյանքը ոչ մի կերպ կապված չէ ընտանեկան հարաբերությունների հետ»:
Վլադիմիր Պուտինն ու Լյուդմիլա Պուտինան երեկ երեկոյան են հայտարարել միմյանցից բաժանվելու իրենց որոշման մասին: Նրանց ամուսնալուծությունը դեռ ձևակերպված չէ:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի վերջին ամերիկյան The New York Times թերթը գրել էր, թե ռուս օլիմպիական չեմպիոնուհի Ալինա Կաբաևան երկրորդ երեխան է պարգևել Վլադիմիր Պուտինին: