Սիրիական բանակը վերականգնել է Իսրայելի հետ սահմանային անցակետի վրա իր վերահսկողությունը
BBC-ի փոխանցմամբ՝ սիրիական բանակը հունիսի 6-ի երեկոյան վերականգնել են իրենց վերահսկողությունը Գոլանի բարձունքներում գտնվող անցակետի նկատմամբ: Այս մասին հայտնել են Իսրայելի զինված ուժերը:
Իսրայելին սահմանակից Էլ-Կունեյտրա քաղաքի վրա հարձակման ժամանակ սիրիական բանակը կիրառել է տանկեր և զրահամեքենաներ: Մարտերն ընթացել են Իսրայելի հետ գործող պայմանավորվածության համաձայն հրադադարի գծից ոչ հեռու:
1967 թվականին տեղի ունեցած Վեցօրյա պատերազմի արդյունքներով իսրայելական զորքերը գրավել են Գոլանի բարձունքները, իսկ հետո դրանք հայտարարել են իրենց տարածք:
Տվյալ շրջանում սիրիական զրահատեխնիկայի առկայությունը տեխնիկական առումով խախտում է հրադադարի մասին պայմանավորվածությունը, սակայն Իսրայելը պատասխան գործողություններ չի ձեռնարկել:
Ապառազմականացված գոտում պարեկություն են կատարում ՄԱԿ-ի խաղաղապահ զորքերը, որոնք հետևում են իրավիճակի զարգացմանը: Էլ-Կունեյտրա քաղաքի համար մարտերը մեկնարկել էին հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը:
Զինյալները հարձակվել էին կառավարական զորքերի դիրքերի վրա և մեկ ժամվա ընթացքում գրավել էին քաղաքի մի շարք թաղամասեր և ռազմավարական կարևորություն ներկայացնող «Կունեյտրա» սահմանային անցակետը, որը Սիրիայի ու Իսրայելի միջև ընկած պաշտոնական միակ սահմանային անցակետն է:
Դրանից երկու ժամ անց սիրիական բանակն անցել է հակահարձակման՝ հրետանային զանգվածային հարվածներ հասցնելով քաղաքում զինյալների դիրքերին: Հրետանային մի շարք արկեր և ականներ պայթել են ՄԱԿ-ի խաղաղապահ կոնտինգենտի ճամբարի մերձակայքում, իսկ երկու ական պայթել է Իսրայելի տարածքում: Վիրավորվել է մի խաղաղապահ:
Քաղաքում ու նրա շրջակայքում մարտերը շարունակվել են մինչև երեկո: Զինյալների մեծ մասը նահանջել է դեպի հարավ: Օրվա վերջին Կունեյտրա քաղաքն ամբողջովին անցել է սիրիական բանակի ստորաբաժանումների վերահսկողության ներքո: Այսօր առավոտյան զինյալները փորձել են ներթափանցել քաղաք, սակայն կանգնեցվել են: