Քաղաքապետը վտարեց նոտարներին. Բաղրամյան փողոցում այլևս նոտար չի լինի
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ, վճռել է բավարարել Երևանի քաղաքապետարանի հայցն ընդդեմ Կենտրոն նոտարական տարածքի նոտարներ Ալվարդ Մելքոնյանի, Էմմա Շաբոյանի, Նունե Սարգսյանի` գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու պահանջի մասին` նոտարներին պարտավորեցնելով ազատել Երևան քաղաքի, Մ.Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14 շենքի թիվ 162 տարածքը, այն վերադարձնելով Երևան համայնքին։
Նոտարներն այս տարածքում գործունեություն են իրականացնում մոտ 40 տարի. այն համարվում է հանրապետության ամենահին նոտարական գրասենյակը: «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի համաձայն, արդարադատության նախարարի կողմից նախկինում նշանակված նոտարներն իրավունք ունեն իրենց նոտարական գործունեությունն իրականացնել նախկին նոտարական գրասենյակների տարածքներում, որոնք նրանց են հատկացվում անհատույց օգտագործման համար: Օրենքի ընդունումից հետո այն ժամանակվա արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը բոլոր նոտարներին հանձնարարում է անհատույց օգտագործման պայմանագրեր կնքել իրենց տարածքների սեփականատերերի հետ: Բաղրամյան փողոցի գրասենյակի նոտարները, սակայն, խնդիրներ են ունեցել, քանի որ տարածքը եղել է պետական սեփականություն, որի սեփականատերը հետագայում դարձել է Երևանի քաղաքապետարանը: Տարիների ընթացքում գրասենյակի նոտարները պարբերաբար դիմել են քաղաքային իշխանություններին՝ պահանջելով անհատույց օգտագործման պայմանագիր կնքել իրենց հետ: Նոտարները նույնիսկ ցանկացել են գնել կամ վարձակալել այդ տարածքը, սակայն քաղաքապետարանը համառորեն մերժել է նրանց:
Եվ միայն անցյալ տարվա հուլիսին քաղաքապետարանը դիմել է դատարան՝ պահանջելով նոտարներին վտարել այդ տարածքից: Սեպտեմբերին վերոնշյալ նոտարները հակընդդեմ հայց են ներկայացրել՝ այդ տարածքի նկատմամբ իրենց անհատույց օգտագործման իրավունքը ճանաչելու պահանջի մասին: Հետագայում Էմմա Շաբոյանը և Նունե Սարգսյանը հրաժարվել են իրենց հայցից, իսկ Ալվարդ Մելքոնյանի հակընդդեմ հայցը դատարանը մերժել է:
Հիշեցնենք, որ 168.am-ի հետ զրույցում Ալվարդ Մելքոնյանը Մ.Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14 շենքի թիվ 162 տարածքից նոտարներին վտարելու մեջ մեղադրել էր արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին: «Դա էլ է Թովմասյանի ձեռքի գործը: Նա է ասել քաղաքապետին, որ վերջինս նոտարներից ազատի այդ տարածքը: Հավանաբար հետո Հ.Թովմասյանն իր նոտարներին կնշանակի այդ տարածքում»,-ասել էր Ա. Մելքոնյանը: