Իրանում ընդդիմադիր հոգևորականի հուղարկավորությունից հետո սկսվել են բողոքի զանգվածային ակցիաներ
Haqqin.az-ի փոխանցմամբ՝ Սպահանում իրանցի ընդդիմադիր այաթոլլահ Ջալալեդդին Թահիրիի հուղարկավորությունը վերածվել է բողոքի զանգվածային ակցիաների: Թահիրին տևական հիվանդությունից հետո Սպահանում մահացել է այսօր՝ 87 տարեկան հասակում:
Նա հայտնի էր իշխող հոգևորականության նկատմամբ իր կտրուկ քննադատություններով՝ ընդգծելով, որ վերջինս կրոնը ծառայեցնում է իր շահերին, ինչպես նաև խեղաթյուրում է իսլամի հիմքերը:
Հազարավոր մարդիկ են հավաքվել ընդդիմադիր այաթոլլահին հրաժեշտ տալու համար, իսկ հուղարկավորությունից հետո սկսվել են հակակառավարական ցույցեր: Ցուցարարները մասնավորապես պահանջել են ազատել ազատազրկման մեջ գտնվող ընդդիմադիր առաջնորդներ Միրհուսեին Մուսավիին և Մեհդի Քերուբիին:
Ակցիային միացել են նաև ընդդիմադիր առաջնորդներ և մասնավորապես նախկին նախագահ Մուհամմեթ Խաթամիի եղբայր Մուհամեդռզա Խաթամին, կրոնական գործիչ Աբդուլլահ Նուրին, նախագահի թեկնածու Հասանի Ռուհանին և այլք: