«Եթե մեր դիմաց կանգնած լինի 7 գլխանի դև՝ չենք դադարելու պայքարել Արցախի, Հայաստանի ու վերադարձի մեր իրավունքի համար». Մետաքսե Հակոբյան

Արդեն 2 տարի է՝ արցախահայերը, որոնք 2023 թվականի սեպտեմբերին բռնի տեղահանվել են Արցախից, Ամանորն իրենց տներում չեն դիմավորում, շատերը նույնիսկ չեն էլ նշում։ Բռնի տեղահանված արցախահայերն ունեն բազմաթիվ սոցիալական խնդիրներ, որոնք գնալով ոչ թե նվազում, այլ ավելանում են։

Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի խոսքով, ճիշտ է՝ այսօր բռնի տեղահանված արցախահայերից մի քանի հազար մարդ հեռացել են Հայաստանից, սակայն սա չի նշանակում, որ նրանց համար Արցախ վերադառնալու պայքարը մարել է, կամ չունեն նման ցանկություն։

«Եթե մենք 2025 թվականը համեմատում ենք 2024 թվականի հետ, ապա միանշանակ ավելի հետընթաց տարի էր մեզ համար, քանի որ բոլոր առումներով բռնի տեղահանված արցախահայերի վիճակը դարձավ ծայրահեղ։ Ցավալին այն է, որ այս վիճակը շարունակվում է, պայմանավորված այն հանգամանքով, որ այն քաղաքականությունը, որն իրականացնում է Հայաստանի իշխանությունը՝ կլինի սոցիալական թե իրավունքների մասով, երևում է նրանց հստակ որոշումը։ Անում են այնպես, որ արցախահայերն իրենց լիարժեք չզգան իրենց հայրենիքում»,- 168.am հետ զրույցում նշեց Մետաքսե Հակոբյանը՝ ամփոփելով 2025 թվականը։

Նա շեշտում է՝ արցախահայերի համար իրավիճակը բավականին ծանր է, նույնիսկ իշխանության իրականացրած մեկ-երկու սոցիալական ծրագրերը չնպաստեցին, որպեսզի արցախահայերը չհեռանան Հայաստանից և չընդունեն իրենց պարտադրված քաղաքացիությունը։ Երկու տարի անց արձանագրվում է, որ տարվա վերջին ՀՀ քաղաքացիություն է ստացել մոտ 26.000 արցախահայ։

Կարդացեք նաև

«2025 թվականին մենք ինչ-որ չափով նաև կարողացանք հասցնել ժողովրդին, որ ՀՀ իշխանությունը կոնկրետ արտաքին քաղաքականության մասով ոչ միայն թերանում է, այլև ստում է սեփական ժողովրդին։ Նրանք հայտարարում են, թե միջազգային հանրության մոտ չկա արցախահայերի Արցախ վերադառնալու իրավունքի ընկալումը, ինչը կեղծիք է, որովհետև եթե չասեմ՝ ողջ միջազգային հանրությունը, ապա մեծամասնությունը որևէ կերպ չի հերքել կամ կասկածի տակ չի դրել արցախահայերի վերադարձի իրավունքը։ Մենք սա տեսել ենք միջազգային գործընկերների հետ շփումներում, նրանք իրենց աջակցությունն են հայտնել բոլոր առումներով։ Միաժամանակ փաստել են, որ այս հարցում ՀՀ իշխանությունների դիրքորոշումը մեծ խնդիր է առաջացնում՝ ՀՀ իշխանությունը կա՛մ լռում է, կա՛մ հերքում խնդրի առկայությունը»,- հավելեց պատգամավորը։

Ըստ Մետաքսե Հակոբյանի, այսօր հստակ գիտեն, թե ինչպես է պետք աշխատել միջազգային հարթակներում, և ինչպիսին պետք է լինի վարվող արտաքին քաղաքականությունն Արցախի ու արցախահայերի վերադարձի խնդրի վերաբերյալ։

Մեր զրուցակիցը վստահ է, որ ՀՀ-ում ազգային իշխանություն ունենալու պարագայում արցախահայերի վերադարձի հարցը միանշանակ ստանալու է դրական լուծում։

«Շատ արցախահայեր, որոնք այսօր շարունակում են պայքարել, գիտակցում են, որ Հայաստանն այսօր բոլորի հայրենիքն է, և իրենց պայքարը նաև Հայաստանի պահպանությանն է ուղղված։ Բոլորն էլ հույս ունեն, որ մոտ ապագայում այս իշխանությունը վերջապես կհեռացվի, թեպետ հույս ունենք, որ բանն ընտրություններին չի հասնի։

Դրա համար մեր ցանկությունն է, որ 2026 թվականը լինի միայն հայրենատիրության տարի, հնարավորություն ստեղծվի խոսել ու գործել միայն Հայաստանի հզորության մասին։ Մենք բոլորս շատ լավ գիտակցում ենք, որ միայն այդ դեպքում մենք կարող ենք խոսել Արցախ վերադառնալու մասին։ Հակառակ պարագայում որևէ այլ հնարավորւթյուն չի լինելու։

Իհարկե, բոլորիս մոտ էլ կա մտավախությունը, որ Աստված չանի, եթե այս ազգադավ իշխանությունը կարողանա վերարտադրվել, հարցականի տակ է դրվելու նաև Հայաստանի հետագա ճակատագիրը։

Կրկնում եմ՝ նույնիսկ, եթե մեր դիմաց կանգնած լինի 7 գլխանի դև, մենք որևէ կերպ չենք դադարելու պայքարել Արցախի, Հայաստանի ու վերադարձի մեր իրավունքի համար»,- շեշտեց Մետաքսե Հակոբյանը։

Նա մաղթեց, որպեսզի 2026 թվականի պայքարի ընթացքում որևէ մեկն այդ պայքարի ճանապարհին չհուսալքվի։

«Այս իշխանությունների օրոք մեր ազգը շատ հուսալքվեց, դարձավ անհամբեր, հետևաբար՝ ուզում եմ հասկանանք, որ այս ազգադավ իշխանությունը որևէ կերպ չի կարող մեր տեսակը ոչնչացնել։ Մաղթում եմ, որ այս տարի լինի մեծ հավատքի տարի, դառնանք դեպի Աստված, մեր աչքերն ու ականջները բաց լինեն, վստահենք Աստծուն, որովհետև միևնույն է՝ արդարությունը վերականգնվելու է։ Ուզում եմ նաև՝ մենք միմյանց հանդուժենք, որովհետև այս իշխանությունը մեր հասարակությանը բաժանել է բանակների, մաղթում եմ, որ մեր ազգի մեջ երբեք այլևս նման բաժանում չլինի»,- ընդգծեց Մետաքսե Հակոբյանը։

Տեսանյութեր

Լրահոս