Թուրքիան ձերբակալել է ԻՊ-ի հետ կապված 115 կասկածյալի, որոնք Ամանորի նախաշեմին հարձակումներ էին նախապատրաստում
Թուրքական իշխանությունները հայտնել են, որ Սուրբ ծննդյան և Նոր տարվա միջոցառումների ժամանակ նախատեսված հարձակումներ են խափանել՝ ձերբակալելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ավելի քան 100 ենթադրյալ անդամների։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Զանգվածային խուզարկություններ են իրականացվել Ստամբուլի 124 հասցեներում, առգրավվել են հրազեն, զինամթերք և «կազմակերպչական փաստաթղթեր»։
Թուրք պաշտոնյաները հայտնել են, որ ԻՊ կողմնակիցներն այս շաբաթ ակտիվորեն հարձակումներ էին պլանավորում ամբողջ Թուրքիայում, մասնավորապես՝ ոչ մուսուլմանների դեմ։
Ոստիկանությունը ձերբակալել է 115 կասկածյալի, սակայն շարունակվում են աշխատանքները ևս 22-ի որոնման ուղղությամբ, ասվում է դատախազի պաշտոնական հայտարարության մեջ։
Դատախազի գրասենյակից հայտնել են, որ կասկածյալները կապի մեջ են եղել Թուրքիայի տարածքից դուրս գտնվող ԻՊ անդամների հետ։
Այս հայտարարությունից երկու օր առաջ թուրքական հետախուզության գործակալները Աֆղանստանի և Պակիստանի սահմանին ռեյդ էին իրականացրել ԻՊ-ի դեմ։ Ձերբակալվել է Թուրքիայի քաղաքացի, որը, ենթադրաբար, բարձրաստիճան պաշտոն է զբաղեցնում տարածաշրջանում գործող «Իսլամական պետության» թևում։ Նրան մեղադրել են քաղաքացիական անձանց դեմ հարձակումներ պլանավորելու համար։
Թուրքիան 900 կմ երկարությամբ սահման է կիսում Սիրիայի հետ, որտեղ մի քանի հատվածներում ԻՊ-ն շարունակում է գործունեությունը։
Ավելի վաղ Սիրիայի իշխանությունները հայտնել էին, որ գործողություն են իրականացրել ԻՊ թաքստոցներից մեկի դեմ և ձերբակալել Դամասկոսում խմբավորման առաջնորդին և նրա օգնականներին։
