Սաուդցի արքայազնը դիպլոմ ստանալու կապակցությամբ փարիզյան Դիսնեյլենդում ծախսել է 15 միլիոն եվրո
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայում իշխող Ալ-Սաուդ թագավորական դինաստիայի արքայազներից մեկը շքեղ կերպ է տոնել իր դիպլոմի ստացումը:
Ֆահդ Ալ-Սաուդը եռօրյա տոն է կազմակերպել փարիզյան Դիսնեյլենդում և տարբեր զվարճանքների վրա ծախսել է մոտ 15 միլիոն եվրո:
Մայիսի 22-24-ին արաբ արքայազնը վարձակալել է զբոսայգու տարածքի մի մասը՝ նախատեսված 60 մարդու համար, որոնց թվում եղել են նրա բարեկամները, ընտանիքի անդամները և այլք:
Արաբ արքայազնի համար կազմակերպվել են հատուկ ներկայացումներ ամերիկացի մուլտիպլիկատոր Ուոլթեր Դիսնեյի մուլտֆիլմների հերոսների մասնակցությամբ: Կազմակերպվել են նաև այլ ներկայացումներ և ֆոտոսեսիաներ:
2012 թվականին փարիզյան Դիսնեյլենդ է այցելել 16 միլիոն մարդ: 2011 թվականի հոկտեմբերից մինչև 2012 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում եվրոպական առաջատար զվարճալիքների զբոսայգու առևտրային շրջանառության ծավալը կազմել է 1324 միլիոն եվրո: