«Եվրանեսթ» ԽՎ-ի 2014թ.-ի լիագումար նիստը Երևանում է
«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի մայիսի 27-29-ին Բրյուսելում անցկացված երրորդ լիագումար նիստերի ընթացքում հայկական պատվիրակության անդամների և բոլոր խմբակցությունների հետ աշխատանքի արդյունքում հաջողվեց կանխել Հայաստանի շահերին հակասող առաջարկների և նախաձեռնությունների բացառումը: Այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտնեցին հայկական պատվիրակության անդամները:
Ինչպես նշեց պատվիրակության ղեկավար, հանրապետական Արտակ Զաքարյանը, Բրյուսել մեկնելիս առաջ ինքն այնքան էլ լավատեսորեն տրամադրված չէր, սակայն պատվիրակությանը հաջողվեց հասնել նրան, որ բոլոր չորս հանձնաժողովներում ներկայացված զեկույցներում չընդգրկվեցին Ադրբեջանի, Վրաստանի և մի շարք երկրների ոչ հայանպաստ առաջարկները: Հաջողվել է նաև Խորհրդարանական վեհաժողովի օրակարգից հանել վերջին պահին ադրբեջանական պատվիրակության կողմից առաջարկված Ադրբեջանի նկատմամբ Հայաստանում ջրային ռեսուրսների սահմանափակման մասին բանաձևը, որը վերաբերում էր Սարսանգի ջրամբարին:
Նաև չեն ընդունվել կանոնակարգի փոփոխությունները, որոնցով նախատեսվում էր որոշումներն ընդունել ոչ թե ձայների 2/3-ով, ինչպես այժմ է, այլ` պարզ մեծամասնությամբ, ինչը կարող էր խնդրահարույց դառնալ հայկական կողմի համար, հաշվի առնելով ԳՈՒԱՄ-ի փաստը, երբ Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը և Մոլդովան շատ հարցերում նույն կերպ են քվեարկում:
Պատվիրակության անդամ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ, ով նաև Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակ է, ընդգծեց. «Բնականաբար, Ադրբեջանը ցանկացած հանձնաժողովի ցանկացած նախագիծ, ցանկացած նախաձեռնություն փորձում է օգտագործել իր երկրի արտաքին քաղաքական շահն առաջ մղելու համար»: Այս վեհաժողովում ևս նույն գործելաոճն է դրսևորվել` կրկին հակահայկական հռետորաբանությամբ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին խեղաթյուրված պատկերացումներով: «Համեմատելով ԵԽԽՎ-ն և Եվրանեսթը, պիտի ասեմ, որ, ի տարբերություն ԵԽԽՎ-ի, որտեղ, ցավոք սրտի, Ադրբեջանին հաջողվել է իր լոբբիստական գործունեության արդյունքում, ըստ էության, տրամադրություններ փոխել, Եվրապառլամենտում դեռևս կա սթափ գիտակցումը, որ թույլ չպիտի տալ, որ Ադրբեջանը «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովը փորձի դարձնել հակամարտությունների լուծման տեղ»:
Նշվեց նաև, որ «Եվրանեսթ» ԽՎ-ի հաջորդ` չորրորդ լիագումար նիստը տեղի կունենա Երևանում, 2014թ.-ի նոյեմբերին: