Բաժիններ՝

Տաքսիստը պատմում է ՀՀ ոստիկանությունում կատարվածը. Ժպտալով մտա ոստիկանություն, և նա ինձ հայհոյեց, հետո սկսեց խփել, խփել ու խփել…

Երեկ մայրաքաղաքում մի արտառոց դեպք է տեղի ունեցել, երբ Վ. Գասպարյանի գլխավորած կառույցի բարձրաստիճան ոստիկաններից մեկը ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում դաժան ծեծի է ենթարկել 52-ամյա տաքսիստին, ով տեղում ուշագնաց է եղել և տեղափոխվել հիվանդանոց: Այսօր ժամանակավորապես դուրս է գրվել հիվանդանոցից, նա տանն է և զրուցել է նաև ԳԱԼԱ-ի լրագրողի հետ, պատմել եղելությունից ու ծեծից մանրամասներ:

«Տեղում չգիտեմ՝ ինչ եղավ, շոկի մեջ հայտնվեցի, երբ ժպտալով մտա ոստիկանություն, և նա ինձ հայհոյեց, հետո սկսեց խփել, խփել ու խփել, իսկ ես էլ սրտի պրոբլեմ ունեմ, ընկա միանգամից շոկի մեջ: Չգիտեմ… պետի տեղակա՞լն էր, թե՞ ով էր. Սիմոնյան էր ազգանունը, հիշում եմ, որ շտապօգնությունը եկել էր ինձ տանելու, միայն երկու ժամ իրենք թղթաբանությամբ էին զբաղված, որ ես տեղում մեռնեի, չհասնեի երևի հիվանդանոց: Երեկվանից պառկած էի, սիստեմայի տակ էի, էսօր մի քիչ կարգին էի, բժիշկն ասաց՝ գնա, հետո կգաս, կպառկես»:

Նշենք, որ այս ամենը տեղի է ունեցել այն պատճառով, երբ մասնավոր տաքսիստ Հովհաննես Էլոյանի մեքենայի մեջ ուղեւորը թողել է իր գնումները: Հետո, երբ ետ է եկել նույն խանութի դիմաց, նրան ասել են, որ գնա միանգամից ոստիկանություն:

«Եկանք, մտա քաղմաս: Ես դիմացն եմ ապրում, և մեծ մասն էլ ինձ ճանաչում է: Ասել եմ՝այ մարդ, ինչի՞ համար եք էսքան բարդացնում, թողել է, հետ եմ բերել: Բա էդ ի՞նչ ձևի ես խոսում` հարձակվեց վրաս այդ մարդը: Չգիտեմ` երևի պետի տեղակալն էր՝ հայհոյանքով-բանով…»:

Կարդացեք նաև

Այսօր արդեն պարզ է դարձել, որ մեքենայի մեջ մնացած գնումները մակարոնեղեն եւ հաց է եղել:

«Էդտեղ գործ չկար, հո սովի տարի՞ է, ի՞նչ է, ես տանեի մակարոնն ու հացն ի՞նչ անեի, այ քեզ բան… Էնքան բան են թողել իմ մեքենայի մեջ, գիտե՞ք քանի անգամ եմ հեռախոս փոխանցել տերերին: Եթե նունիսկ ես գողացել էի, նա իրավունք չուներ ինձ խփելու կամ հայհոյելու»,- ասում է Հ. Էլոյանը:

Էլոյանն ասել է նաև, որ գիշերը քննիչ է եկել նրա հետ զրուցելու, բայց ինքնազգացողությունը այնքան վատ է եղել, որ զրույցը չի ստացվել, և քննիչն հեռացել է:

Հավելենք, որ ոստիկանների կողմից քաղաքացուն ծեծի ենթարկելու հանգամանքների առնչությամբ ծառայողական քննություն է սկսվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս