Հազարավոր ցուցարարներ Ստամբուլում կամուրջ են գրավել, իսկ Անկարայում շարժվել են խորհրդարանի ու կառավարության շենքերի ուղղությամբ
Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Թուրքիայի մի շարք քաղաքներում անցկացվել են բողոքի մի շարք ակցիաներ՝ ի աջակցություն Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակում գտնվող «Գեզի» այգու ավերման դեմ բողոքողների, որոնց նկատմամբ ոստիկանությունը երեկ ուժ է գործադրել և ձերբակալել է 81 մարդու:
Բողոքի ակցիաներ են անցկացվել մայրաքաղաք Անկարայում, ուր խստացվել են անվտանգության միջոցառումները, Թուրքիայի երրորդ խոշոր քաղաք Իզմիրում, ուր ձերբակալվել է 92 մարդ: Այստեղ ցույցի ցրման համար ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ, ինչպես որ եղել է Ստամբուլի ցույցի պարագայում:
Այսօր առավոտյան Թուրքիայի Իզմիթ նահանգում մի խումբ ցուցարարներ փորձել է գրավել իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) շենքը, սակայն տեղի ոստիկանությունը ցրել է ցուցարարներին: Այսօր առավոտյան ցուցարարները Ստամբուլում ամբողջովին գրավել են Բոսֆորի նեղուցի վրայի կամուրջը: «Թաքսիմ» հրապարակ է շարժվում ավելի քան հազար ցուցարար:
Բացի այդ, ավելի քան երկու հազար ցուցարար Անկարայում շարժվել է Թուրքիայի խորհրդարանի ու Նախարարների կաբինետի ուղղությամբ: Անկարայում փակվել են գլխավոր փողոցները: Չեն բացառվում ոստիկանության հետ բախումները: