Սիրիայի Ալ-Քուսեյր քաղաքում պաշարված ապստամբները համալրում են ստացել
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի Ալ-Քուսեյր քաղաքում սիրիական բանակի ու «Հզբոլլահի» զինյալների դեմ պաշտպանական մարտեր մղող սիրիացի ապստամբները համալրում են ստացել: Նրանց զինակիցները կարողացել են ճեղքել պաշարման շղթան և օգնության հասնել նրանց:
Այս մասին երեկ հայտարարել է Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպությունը: Սակայն անհայտ է մնում, թե ապստամբներն ինչպիսի համալրում են ստացել: Թվերը տարբեր են. Syrian Observatory for Human Rights-ի տվյալներով՝ մի քանի հարյուր մարդ, ապստամբների առաջնորդ Ջորջ Սաբրայի հաղորդմամբ՝ հազար մարդ, իսկ ահա BBC News-ի աղբյուրների պնդմամբ՝ ընդամենը մի քանի տասնյակ զինյալ:
Հայտնի է, որ համալրումը ստացվել է «Թաուհիդ» (Միասնություն) ապստամբական խմբավորումից, որը մարտեր է մղում Հալեպի շրջանում, ուր Բաշար Ասադի հակառակորդների դիրքերը դեռ շարունակում են մնալ բավականաչափ ամուր:
Վերջին տվյալներով՝ ապստամբները շարունակում են վերահսկել Ալ-Քուսեյրի մոտ 1/3-ը, այդ թվում նաև (իրենց խոսքերով) քաղաքի կենտրոնական հատվածը: Սակայն պաշարման պատճառով նրանք չեն ստանում սննդամթերք և չեն կարողանում իրենց վիրավորներին ուղարկել բուժման:
Քաղաքում մոտ 800 մարդ կարիք ունի բուժօգնության: Նրանց մի մասին քաղաքից դուրս բերելու փորձը տապալվել է. շարասյունը գնդակոծվել է սիրիական բանակի կողմից, ինչին զոհ է գնացել 9 մարդ:
Ալ-Քուսեյրի համար ճակատամարտը մեկնարկել է մայիսի կեսին: Այդ քաղաքն ապստամբների համար հանդիսանում է կարևոր կետ, որոնք Լիբանանից ստանում են համալրումներ, զենք և ֆինանսավորում:
Քաղաքը կարևոր է նաև սիրիական բանակի համար.եթե նա գրավի Ալ-Քուսեյրը, ապա բավական մեծ տարածություն կվերահսկի Դամասկոսից մինչև Միջերկրական ծովի ափ, ուր Բաշար Ասադի դիրքերն ամուր են:
Սիրական բանակը երեկ հարձակում է ձեռնարկել Դամասկոսի մոտ և դրա արդյունքում ազատագրել է Դամասկոսի միջազգային օդանավակայանից արևմուտք ընկած մի շարք բնակավայրեր: