Բաժիններ՝

Մենք կոչնչացնենք ձեր հրթիռները. Նեթանյահուն՝ Պուտինին. Maariv

Իսրայելական Maariv թերթի փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ոչ վաղ անցյալում Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ակնարկել է, որ Իսրայելը ոչնչացնելու է Սիրիային հատկացված ռուսական С-300 զենիթա-հրթիռային համալիրները, նախքան դրանք կբերվեն մարտական պատրաստության:

Այս մասին թերթին հայտնել են մերձավորևելյան դիվանագետները: Վերջիններիս պնդմամբ՝ մայիսի սկզբին տեղի ունեցած այդ հանդիպման ժամանակ Նեթանյահուն Պուտինին կոչ է արել հրաժարվել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին С-300-ներ հատկացնելու մտադրությունից՝ ընդգծելով, որ եթե դա տեղի ունենա, ապա Իսրայելը կհարվածի դրանց, նախքան այդ համակարգերի գործունեության սկսվելը:

Թերթի պնդմամբ՝ Պուտինի ու Նեթանյահուի հանդիպմանը ներկա գտնվածներն ապշել են Նեթանյահուի նման համարձակ հայտարարությունից, որը նա արել է Ռուսաստանի նման գերտերության նախագահի հետ զրուցելիս:

Թերթը հավելել է, որ Պուտինը Նեթանյահուին հայտնել է, որ գործարքն իրականացվելու է, սակայն ակնարկել է, որ Իսրայելը կարող է խոչընդոտել այդ սպառազինության մատակարարմանը, եթե նա կամ մեկ այլ երկիր գնի այդ հրթիռները կամ առաջարկի այլընտրանք: Նեթանյահուն Պուտինին զգուշացրել է, որ Ասադին С-300-ների մատակարարումը կսանձազերծի տարածաշրջանային պատերազմ:

Ռուսական Коммерсантъ թերթն իր հերթին գրել է, որ С-300-ները Սիրիային կուղարկվեն միայն 2014 թվականի երկրորդ եռամսյակին: Թերթի տվյալներով՝ դրանք դեռ պետք է անցնեն վեցամսյա փորձարկում, նախքան կհամարվեն պատրաստ՝ օգտագործվելու համար:

Լիբանանյան Diyar թերթը երեկ հայտնել է, որ Իսրայելին հաջողվել է տապալել С-300-ների մատակարարման գործարքը՝ սպառնալով դրա իրականացման դեպքում սկսել տարածաշրջանային պատերազմ:

Թերթը վստահեցնում է, որ Պուտինն Ասադին առաջարկել է այդ գործարքը փոխհատուցել այլ արդյունավետ ու հզոր սպառազինության մատակարարմամբ, ինչպիսին որ կարող են լինել ժամանակակից ինքնաթիռներն ու ուղղաթիռները, որոնց նա կարող է կիրառել սիրիացի ապստամբների նկատմամբ: Պուտինը հավելել է, որ հակամարտությանը «Հզբոլլահի» մասնակցությունը չի կարող օգուտ բերել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս