Բաժիններ՝

Նարեկ Սարգսյանի բիզնես տեսլականը. մամուլ

«Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի է դարձել, որ մայիսի 29-ին Երևանի քաղաքապետը հայտարարել է հանրապետական բաց մրցույթ՝ Երևանի Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի վերաբերյալ:

Քաղաքապետարանի կողմից տարածած առաջին հայտարարության մեջ նշվում է. «Մրցույթի նպատակն է ընտրել այն լավագույն նախագծային առաջարկությունները, որոնք ուղղված կլինեն Երևանի Հանրապետության հրապարակի կարևորագույն ճարտարապետական համալիրի արդիականացմանն ու հարմերացմանը քաղաքաշինական զարգացման արդի գործընթացներին, մասնավորապես հաշվի առնելով հետևյալ իրողությունները. հրապարակն իրականում վերածվել է տրանսպորտային գերծանրաբեռնված հանգույցի, իր բոլոր բացասական ազդեցություններով՝ Հանրապետության հրապարակին անմիջականորեն հարող տարածքների կառուցապատման արդյունքում ակտիվ սիլուետներ են ձևավորվել հրապարակի շուրջ՝ էականորեն աղճատելով համալիրի մասշտաբայնության և դոմինանտության կարևոր պայմանները»:

Ի դեպ՝ մրցութային հանձնաժողովի նախագահն է Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: Այս հայտարարությունից հետո մեծ աղմուկ առաջացավ, և քաղաքապետարանը ստիպված եղավ նոր գրություն տարածելու:

Հայտարարության առաջին երկու նախադասության մեջ ասված է. «Հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթ հայտարարելուն հաջորդած տարատեսակ արձագանքներին ի պատասխան հարկ ենք համարում նշել, որ վերոնշյալ մրցույթի հայտարարումը ամենևին էլ չի նշանակում որևէ կառույցի իրականացում, ֆինանսական միջոցների հատկացում կամ այլ նմանատիպ քայլերի նախաձեռնում: Հայտարարված մրցույթի նպատակը մասնագիտական և հանրային քննարկումների արդյունքում առկա խնդիրների վերհանումն է, դրանց լուծումները գտնելն ու հրապարակի հետագա զարգացման տեսլականը ձևավորելը»:

«Նման դեմագոգյային Արտաշես Գեղամյանն էլ կնախանձեր: Պարզվում է՝ մրցույթը հայտարարել են «հրապարակի հետագա զարգացման տեսլականը ձևավորելու համար»: Լրիվ էշի տեղ են դրել». այսպիսին է ֆեյսբուքահայության, մասնավորապես՝ հեռուստալրագրող Պետրոս Ղազարյանի արձագանքը երկրորդ հայտարարությանը»:

Նարեկ Սարգսյանի նախաձեռնության մնացած արձագանքներին կարող եք ծանոթանալ «ՉԻ» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս