Ադրբեջանը բացել է Իսրայելի պաշտպանական մշակումների համար պատասխանատու Դանիել Գոլդի այցի փակագծերը. Ո՞ւմ էր այն ուղղված, ի՞նչ դեր է վերապահվել Բաքվին
Օրեր առաջ գրել էինք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է Իսրայելից Բաքու ժամանած պատվիրակությանը՝ Պաշտպանական հետազոտությունների և մշակումների վարչության պետ, պահեստազորի բրիգադի գեներալ Դանիել Գոլդի գլխավորությամբ:
Նույն ժամանակ, ինչպես հայտնել էինք, Իսրայելը հայտարարել էր, որ դեկտեմբերի 30-ին բանակին կմատակարարվի «Երկաթե ճառագայթ» ՀՕՊ լազերային համակարգը, որը Դանիել Գոլդի հաշվարկներով, մարտադաշտում հիմնովին փոխելու է մարտական գործողությունների վարման կանոնները:
Ավելին, «Հենակետ» վերլուծական կենտրոնի հիմնադիր Վիտալի Մանգասարյանը ևս նկատել էր, որ բնավ պատահական չէ, որ Իսրայելը փորձում է ամրապնդել իր դիրքերն Իրանի անմիջական հարևանությամբ, ընդ որում, ոչ միայն տեխնիկապես, այլ նաև մարդկային, հետախուզական և տարածաշրջանային ներկայության առումով։ Այսինքն, Իրանի սահմանների մոտ տեխնոլոգիական կարողությունների ստեղծումը Թել Ավիվի համար ունի ռազմավարական նշանակություն։
Օրեր անց մեր այս դիտարկումը հաստատեց նաև ադրբեջանական կողմը՝ Բաքվի քարոզչական լրատվամիջոցներից մեկի Երուսաղեմում աշխատող հատուկ թղթակցի միջոցով: «Հաքքինազ»–ը գրում է, որ Իսրայելում չէր հայտարարվել Դանիել Գոլդի Բաքու այցի մասին, ինչն ընդգծում է թեմայի զգայունությունը:
Իսկ հրեա պաշտոնյայի այցի կոնտեքստը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցի, պարզից էլ պարզ է. Թեհրանը մեծացնում է իր ռազմածովային ներկայությունը տարածաշրջանում՝ փորձելով փոխհատուցել Պարսից ծոցում գործելու սահմանափակ հնարավորությունը, որտեղ ամերիկյան և բրիտանական ուժերը վերահսկում են ծովային հիմնական երթուղիները։ Միաժամանակ, ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքի վրա, որ Կասպիցում ՌԴ նավատորմը շարունակում է լինել կարևոր գործոն, այդ թվում՝ հաշվի առնելով նրա նավերի օգտագործումն Ուկրաինային հրթիռային հարվածներ հասցնելու համար և Մոսկվայի ակնհայտ ցանկությունը՝ պահպանել ճնշումը Կասպյան տարածաշրջանում։
«Եվ այս պայմաններում Ադրբեջանը տարածաշրջանում միակ պետությունն է, որն ունի ուղիղ հասանելիություն իսրայելական ամենաժամանակակից սպառազինության համակարգերին, այդ թվում՝ 5-րդ սերնդի բարձր ճշգրտության հրթիռներին՝ Sea Breaker և Ice Breaker օդային մոդիֆիկացիային»,- գրում է «Հաքքինազը»՝ նշելով, որ Ադրբեջան-Իսրայել ռազմավարական միությունը նոր մակարդակ է թևակոխել՝ «ցանկացած ժեստ, որը մինչ այդ լայն հանրությունից գաղտնի էր պահվում, այսօր վերածվում է զսպման գործիքի, և առաջին հերթին՝ Թեհրանին ուղղված»:
Հավելենք, որ նշված իսրայելական հրթիռներն առաջին անգամ Ադրբեջանը հրապարակային ցուցադրել է Բաքվի զորահանդեսին:
Վերը նշվածի համատեքստում Ադրբեջանում գտնում են, որ Բաքվի և Իսրայելի փոխգործակցությունն առավել նշանակալի է դարձնում ամերիկյան գործոնը՝ հատկապես հաշվի առնելով, որ ԱՄՆ-ը իր Bullseye հրթիռի համար որպես հիմք ընտրել է հենց իսրայելական Sea Breaker հրթիռի տեխնոլոգիան:
«Թեհրանը, բնականաբար, սա գնահատում է ուղիղ մարտահրավեր, քանի որ Ադրբեջանը՝ սկսած 44-օրյա պատերազմից և վերջացրած «Զանգեզուրի միջանցքի» շուրջ վեճերով, Իրանին «նյարդայնացնող» կետ է դարձել»,- գրել է ադրբեջանական քարոզչական լրատվամիջոցը:
Այս համատեքստում Բաքվում հիշեցրել են, որ իրենց այցելած Դանիել Գոլդը զուտ Իսրայելի ՊՆ-ի պաշտպանական մշակումների վարչության ղեկավար չէ, նա գիտնական է, ով իսրայելական պաշտպանական համակարգում լրջագույն դեր ունի:
Այլ կերպ ասած՝ Գոլդը ստրատեգ է, ով կարողանում է համատեղել քաղաքական խնդիրները և իսրայելական բանակի օպերատիվ պահանջմունքները: Եվ Բաքու նրա այցը, ըստ էության, նշանակում է՝ Ադրբեջան-Իսրայել համագործակցությունը մտնում է համակարգային տեխնոլոգիական փաթեթի շուրջ քննարկումների փուլ, ինչը ենթադրում է հրթիռային համակարգերի ադապտացում կասպյան թատերաբեմի ռազմական գործողությունների առանձնահատկություններին և տվյալների փոխանակման գործընթացի ընդլայնում:
