Թրամփը ներկայացրել է իր վարչակազմի տեսլականն աշխարհում իրադրության շուրջ
ԱՄՆ-ն հրապարակել է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի 33-էջանոց նոր Ազգային անվտանգության ռազմավարությունը, որը ձևավորում է ամերիկյան արտաքին քաղաքականությունը՝ շեշտը դնելով Արևմտյան կիսագնդում գերիշխանության վրա: Այս մասին հաղորդում է POLITICO-ն։
Ռազմավարությունն առաջնահերթություն է տալիս սահմանային անվտանգությանը՝ միգրացիան և թմրանյութերի ապօրինի շրջանառությունը զսպելու համար, և կոչ է անում ԱՄՆ-ին ուժեղացնել ռազմական ներկայությունը Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի մերձակայքում:
Ռազմավարության մեջ նաև ուշադրություն է հատկացվում Չինաստանին։ Նշվում է, որ հարկավոր է պահպանել փոխադարձ շահավետ տնտեսական հարաբերություններ Պեկինի հետ։
Միևնույն ժամանակ, ըստ POLITICO-ի, փաստաթուղթը մեծապես անտեսում է այնպիսի տարածաշրջաններ, ինչպիսիք են Մերձավոր Արևելքը և Աֆրիկան:
Փաստաթղթում նշվում է, որ «Միացյալ Նահանգների հիմնական շահերից է բխում Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման շուրջ բանակցություններ վարելը» և Եվրոպայի այլ երկրների հետ Ռուսաստանի բախման ռիսկը մեղմելը։
Ռազմավարությունում Եվրոպայի նկատմամբ քննադատական վերաբերմունք է դրսևորվում. նշվում է, որ եվրոպական հասարակությունները մշակութային և քաղաքական անկման մեջ են միգրացիայի և ծայրահեղ աջ քաղաքական կուսակցությունների «քաղաքական գրաքննության» պատճառով։
Աշխարհաքաղաքականությունից և անվտանգությունից բացի, Ազգային անվտանգության ռազմավարության մեջ ընդգծվում է ավանդական ընտանիքների կարևորությունը։
