Նիկո՛լ, սրա ինտրիգայինը ո՞րն էր. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Տևական ժամանակ բանակցային փաթեթի հրապարակման «սպառնալիքը» բերանի ծամոն դարձրածները այսօր հրապարակեցին Արցախի բանակցային փաթեթի որոշ փաստաթղթեր։ Եթե ավելի լուրջ՝ դրանք բանակցությունների գործընթացից ծաղկաքաղ արված ինչ-որ ֆրագմենտներ էին, որոնք ներկայացվել էին փաշինյանական ռենտգենով անցնելուց հետո: Ի դեպ՝ ԵԱՀԿ-ի թղթեր դրանք ընդամենը համարելը ծիծաղել են, քանզի տարբեր գրքերից, նախկին նախագահների ելույթներից մեջբերված դրվագներ են:

Անկեղծ ասած՝ ինձ համար, բացառությամբ Նախագահ Սարգսյանի նամակից ու 2019-ի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկից, որևէ նորություն չկար։

Փաշինյանը վերջերս իր ելույթներից մեկում առանձնակի ինտրիգով էր խոսում Սերժ Սարգսյանի՝ Պուտինին ուղարկած նամակի մասին՝ շեշտելով, թե «ընդեղ մի հատ նամակ կա, որն առանձին ուշադրության է արժանի»։

Ուշադիր կարդացի նամակը և տեսա, որ ըստ այնտեղ արծարծված սկզբունքների՝ նույնիսկ եթե 5 շրջանները վերադարձվեին, դրանք պետք է դառնար ապառազմականացված բուֆերային գոտիներ։ Ավելին՝ եթե Ալիևը փորձեր մանևրել կամ «խաղեր տալ», երեք համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ը, ՌԴ-ն և Ֆրանսիան, ճանաչում էին ԼՂ անկախությունը։
Նիկո՛լ, սրա ինտրիգայինը ո՞րն էր։

Ինչ վերաբերում է 2019-ի առաջարկին, ապա այն ակնհայտորեն ցույց է տալիս, որ Արցախի ամբողջական հանձնման միակ պատասխանատուն այսօրվա իշխանությունն է։ Ըստ այդ փաստաթղթի՝ Արցախի ՊԲ-ն դուրս էր գալու հինգ շրջաններից, իսկ Բերձորն ու Քարվաճառը (Լաչինն ու Քելբաջարը) պահպանվելու էին որպես Հայաստանի հետ կապող միջանցքներ, որտեղ մոնիթորինգ էր իրականացնելու ԵԱՀԿ-ն։ Լեռնային Ղարաբաղում գործելու էին արդեն տեղում ընտրված իշխանությունները, Ադրբեջանի հետ շփման գծում պետք է կանգնեին միջազգային խաղաղապահներ, իսկ ԼՂ-ում նախատեսվում էր անցկացնել հանրաքվե։

Այլ կերպ ասած՝ Արցախը շարունակում էր մնալ հայկական, ինչը, փաստորեն, մերժվել է՝ նախորդելով արդեն բոլորիս հայտնի իրադարձություններին։

Հ.գ. Հատկանշական է այն, որ նիկոլենք այս տրցակի հետ չէին հրապարակել 2019-ի հայկական կողմի պատասխանը:
Առայժմ թերևս այսքան»:

Տեսանյութեր

Լրահոս