Հայկական քրիստոնեությունն ու նրա դերն Այսրկովկասի մշակութային տարածքում․ մարտահրավերներ
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի ու ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Հայագիտական կենտրոնի նախաձեռնությամբ Մոսկվայում տեղի ունեցավ «Հայկական քրիստոնեությունն ու նրա դերն Այսրկովկասի մշակութային տարածքում․ մարտահրավերներ և պահպանման ուղիներ» խորագրով միջազգային գիտաժողովը։
Խոսելով առաջավորասիական տարածաշրջանի ժողովուրդների և պետությունների հին շրջանի պատմության ադրբեջանական կեղծարարությունների մասին՝ «Գեղարդ» հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը նշեց. «քանի որ ադրբեջանցիները դիրքավորում են իրենց որպես տարածաշրջանի հիմնական թյուրքական ժողովուրդ, ապա թուրքերի հետ կապված ամեն ինչ վերագրում են իրենց»։
«Համաշխարհային պատմագրությունը նշում է, որ Արատտայի և կուտիների պատմությունը որևէ կապ չունի թուրք-ադրբեջանցիների հետ։ 20-րդ դարում առաջացած նոր էթնոսը չի կարող պնդել, որ ինքն այս հին ժողովուրդների և պետությունների պատմության մասն է»,- ընդգծեց Ռ․ Ղազարյանը։
Հիմնադրամի վերլուծաբան Գոռ Մարգարյանը՝ «Վերաիմաստավորումից մինչև ժխտում․ խորհրդային անցյալն ադրբեջանական պատմագրության մեջ 1991 թվականից հետո» զեկույցում անդրադարձավ հետխորհրդային շրջանում ադրբեջանական պատմագրության կողմից Ռուսաստանի բացասական կերպարի հետևողական ներկայացմանն ու դրանց քաղաքական գնահատականներին։
ՌԴ ԳԱԱ Դաղստանի Դաշնային հետազոտական կենտրոնի Պատմության, հնագիտության և ազգաբանության ինստիտուտի վարիչ, պ․գ․թ․ Ռամազան Աբդուլմաժիդովը խոսեց Դաղստանի Օտաու գյուղում հայտնաբերված 16-19-րդ դարերի հայկական վիմագրական հուշարձանների մասին՝ ընդգծելով, որ տեղական վիմագրական աղբյուրների ավելի մանրակրկիտ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանք կարելի է դիտարկել որպես հզոր մշակութային դասի մնացորդներ։
«Քրիստոնեության ընդունման խնդիրը Հայաստանում՝ ըստ Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» աշխատության» զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Քրիստոնյա Արևելքի բաժնի վարիչ, պ․գ․դ․ Ալեքսան Հակոբյանը։
Խ․ Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան, պ․գ․թ․, դոցենտ Էդգար Հովհաննիսյանն իր զեկույցում անդրադարձավ «Հայաստանում ռուս ուղղափառ կրոնական և պաշտամունքային կառույցներ»-ին։
1920-1930-ական թվականների Խորհրդային Ադրբեջանում հակախորհրդային շարժումներին անդրադառնալով՝ «Գեղարդ» հիմնադրամի վերլուծաբան Անուշ Հարությունյանն ընդգծեց, որ դրանք պարունակում էին խորը հակառուսականության տարրեր՝ որպես այլատյացության ցուցիչ։ «Հակախորհրդային դրսևորումներն էապես նպաստել են ազգային ինքնագիտակցության կարծրացմանը՝ որպես մենք-նրանք կոնցեպտի արտահայտություն»,- ընդգծեց վերլուծաբանը։
Իբրև թե «ադրբեջանական ինքնություն» կերտելով՝ ի թիվս այլոց, Ադրբեջանում թիրախավորում են նաև ռուսական ու Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների գերեզմանոցները: Խոսելով այս թեմայի մասին՝ «Գեղարդ» հիմնադրամի վերլուծաբան Արմինե Խանպիկյանը շեշտեց․ «Ադրբեջանի Հանրապետության տարածքում ոչ միայն հայկական, այլև՝ ռուսական գերեզմանոցների վանդալիզմն արտացոլում է ադրբեջանական կողմի բարբարոսությունը, վկայում այն խորքային ատելությունն ու անհանդուրժողականությունը, որը բացահայտորեն ուղղված է նաև ռուսական համայնքի դեմ»։
Մասնակիցներն իրենց զեկուցումներում ներկայացրին նաև տարածաշրջանում քրիստոնեական ժառանգության պահպանման հիմնախնդիրները՝ անդրադառնալով Արևելյան Այսրկովկասի տարածաշրջանում ադրբեջանական պետական քաղաքականության արդյունքում հայկական քրիստոնեական հուշարձանների ոչնչացմանը, յուրացմանն ու դրանց պատմության կեղծմանը։
Գիտաժողովին մասնակցեցին նաև ՌԴ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պ․գ․դ․ Ալիկբեր Ալիկբերովը, Ստենֆորդի համալսարանի պրոֆեսոր Արտավազդ Խաչիկյանը, Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների ամբիոնի վարիչ, պ․գ․դ Ալեքսեյ Մուռավյովը, Ռուսաստանի և հարևան պետությունների պատմության փորձագետ, պ․գ․դ Ալեքսանդ Չերյոմինն ու անվանի այլ գիտնականներ։

