Առաջիկա շաբաթը կարող է շրջադարձային լինել Ուկրաինայի հարցով. Կալաս
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը դեկտեմբերի 1-ին կհանդիպի Եվրամիության անդամ երկրների պաշտպանության նախարարների հետ։
Հանդիպումից առաջ Կալասը լրագրողների համար հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ այսօրվա հանդիպման օրակարգում երկու թեմաներ են՝ Ուկրաինային աջակցությունը և ԵՄ պաշտպանունակության կարողությունների ամրապնդումը։
«Հստակ է, որ Ռուսաստանը չի ցանկանում խաղաղություն, հետևաբար մենք պետք է Ուկրաինային հնարավորինս ուժեղացնենք, որպեսզի նրանք կարողանան այս դժվարին ժամանակներում պաշտպանվել։ Սա կարող է շրջադարձային շաբաթ լինել դիվանագիտության տեսանկյունից։ Մենք երեկ տեղեկացանք, որ ամերիկյան բանակցությունները դժվար են եղել, բայց արդյունավետ։ Մենք դեռևս չգիտենք արդյունքները, սակայն այսօր ես կխոսեմ Ուկրաինայի պաշտպանության նախարարի և արտգործնախարարի հետ»,- ինչպես հաղորդում է ԵՄ պաշտոնական կայքը, ասել է Կալասը։
Նոյեմբերի 30-ին Ֆլորիդայում տեղի էին ունեցել ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև խորհրդակցությունները: Քննարկումը կենտրոնացած էր հակամարտության դադարեցման ուղիների, տնտեսական և անվտանգության հարցերի երկարաժամկետ լուծումների, Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու հեռանկարների և տարածքային հարցերի վրա: Քննարկումների ընթացքում բարձրացվել էր նաև Կիևի անվտանգության երաշխիքների հարցը։
Ֆլորիդայում կայացած հանդիպմանը ԱՄՆ կողմից մասնակցել էին Վիտկոֆը, Քուշները, ինչպես նաև պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Ուկրաինայի պատվիրակության կազմում, ի թիվս այլոց, ընդգրկված էին Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը և արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Սերգեյ Կիսլիցան։ Հանդիպումից հետո Ռուբիոն հայտարարել էր, որ բանակցությունները կառուցողական են եղել, բայց դեռ շատ աշխատանք կա անելու։ Նա հավելել էր, որ ԱՄՆ-ն լավատեսորեն է տրամադրված խաղաղ կարգավորման հարցում։


