«Փաշինյանը վատերին մագնիսի նման ձգում է դեպի իրեն. Վեհափառը բարեգութ է, հուսամ, այս մարդիկ զղջումով կգնան վեհափառի մոտ». Տեր Վրթանես Բաղալյան

Երեկ Հայ Առաքելական եկեղեցու մի քանի եպիսկոպոսներ գնացել էին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման։ Հրապարակված կարճ տեսանյութում երևում է, թե ինչպես է Փաշինյանը նրանց դիմավորում Կառավարությունում։

Հանդիպմանը մասնակցել էր 9 եպիսկոպոս։ Նրանց թվում են Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Վայոց  ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի նախկին դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Վանորեից տեսուչ Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը:

Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանի խոսքով՝ այս ամենն Առաքելական եկեղեցու մաքրման ընթացքն է։

«Փաշինյանը «մաքրում» է եկեղեցին ու այնտեղ եղած վատերին մագնիսի նման ձգում դեպի իրեն։

Կարդացեք նաև

Փառք Աստծո, որ ես Վեհափառը չեմ, հակառակ դեպքում այդ անձանց ես երեկ երեկոյան կարգալույծ կանեի, իսկ առաջիկա կիրակի էլ մի 6 հայ սուրբերի կօծեի եպիսկոպոս։ Բայց մեր Վեհափառը բարեգութ է, հուսամ՝ այս մարդիկ զղջումով կգնան վեհափառի մոտ, վեհափառը նրանց կների, կամ էլ կմնան իրենց խոտոր ընթացքի մեջ, կարգալույծ կարվեն և կդասվեն աշխարհիկների շարքին»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Տեր Վրթանես Բաղալյանը։

Հոգևորականի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանն ում վրա «կոմպրոմատներ» չուներ՝ Միքայել, Բագրատ և Մկրտիչ սրբազանների և այն անձանց, որոնցից վտանգ էր զգում իր հակաեկեղեցական արշավը սկսելու համար, ապօրինի կերպով բանտարկել է, իսկ այն մարդիկ, որոնք չեն դիմանում Նիկոլ Փաշինյանի շանտաժներին՝ վախենալով գնացել են հանդիպման։

«Այն հայտարարությունը, որը երեկ շրջանառվում էր և որի տակ դրվել էր որոշ եպիսկոպոսների ստորագրությունը, այդ անձանց ազատ կամարտահայտությունը չէ, սա Փաշինյանի պարտադրանքն է իրենց, իրենք էլ ազատ չլինելով՝ ստիպված են եղել ստորագրել։ Փաշինյանն ասում էր, որ որպես սովորական հավատացյալ է այս ամենն անում, եթե սովորական հավատացյալ ես այդ անձանց ընդունում, քո տանը ընդունեիր, ոչ թե Կառավարության շենքում։ Սա խոսում է պետական պաշտոնյայի կողմից Եկեղեցու գործերին միջամտելու մասին։

Կան բազմաթիվ լուրջ եպիսկոպոսներ, թեմակալ առաջնորդներ, որոնք այս ամենին չեն խառնվում, կան 60-ից ավելի եպիսկոպոսներ, եթե նրանցից 6-8-ը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման են գնում, սա չի նշանակում, որ եկեղեցին կազմաքանդեցին։ Եկեղեցին ամբոխավար չէ, մոնարխիկ կառույց է, որ ղեկավարվում է Ամենայն Հայոց հայրապետի կողմից, նա կարող է որոշել այդ եպիսկոպոսների ճակատագիրը»,- հավելեց հոգևորականը։

Տեր Վրթանես քահանա Բաղալյանը հույս ունի, որ եպիսկոպոսներն այս ամենից դաս կառնեն, նրանց Վեհափառը կների։ Միաժամանակ ցավ հայտնեց, որ եպիսկոպոսներն այնքան ուժեղ չեն եղել, որ դիմակայեն Նիկոլ Փաշինյանի շանտաժներին։

«Ես կուզեի, որ այս մարդիկ իրենց քաջաբար պահեին, տղամարդուն վայելել ձևով՝ Միքայել, Բագրատ, Մկրտիչ սրբազանների նման, որոնք այսօր անազատության մեջ են։

Մենք հիմա հավատացյալ ժողովրդով պարտավոր ենք ավելի համախմբվել Սուրբ Էջմիածնի ու գահակալ Վեհափառի շուրջ, ինքս իմ Վեհափառ հայրապետի ու եկեղեցու կողքին եմ, այդպես կմնամ բոլոր պարագաներում, կալանավայրում գտնվող թեմակալ առաջնորդիս կողքին եմ։ Դատապարտում եմ ցանկացած հոգևորականի՝ դպիրից մինչև ամենաբարձր աստիճանի հոգևորականի, որը կարող է դուրս գալ Մայր եկեղեցու դեմ։ Առաջակցում եմ նաև հավատացյալ մեր ժողովրդին, որոնք Մայր եկեղեցու կողքին են»,- ընդգծեց Վրթանես Բաղալյանը

Տեսանյութեր

Լրահոս