Խնդիրն այն չէ, թե ինչքան կապրես, այլ թե ինչպես կապրես
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. հոդվածն ինքնասպանությունների և հոգեկան առողջության մասին է: Եթե գտնվում եք դժվար իրավիճակում, դիմեք օգնության: Հիշե՛ք՝ դուք մենակ չեք:
Ինքնասպանությունն աններելի՞ է. մեկնաբանում է Տեր Սմբատ քահանա Սարգսյանը:
Առանց ապաշխարելու հնարավորության…
– Մեր կյանքի հեղինակն Աստված է: Ոչ թե մենք ենք որոշել այս աշխարհ գալ, այլ այստեղ ենք Աստծո ողորմածության շնորհիվ: Սա արժեք է, որ մերը չէ, մենք էլ իրավունք չունենք այն տնօրինելու: Ինքասպանությամբ մարդը վնասում է Տիրոջ տված շնորհը: Ամենածանր մեղքն էլ Տերը կարող է ներել, եթե մարդը զղջա, բայց ինքնասպանության ժամանակ մարդն ինքն իրեն զրկում է ապաշխարելու հնարավորությունից:
Իսկ ինչպե՞ս ենք ապրում մենք…
– Մարդիկ, երբ ծանր հիվանդություն են ունենում և չեն ցանկանում բուժվել, չեն հավատում, չեն վստահում բժշկին, հաճախ ասում են.
– Ինչքան կապրեմ, կապրեմ: Բժիշկները պատասխանում են.
– Խնդիրն այն չէ, թե ինչքան կապրես, խնդիրն այն է, թե ինչպես կապրես: Միայն աստվածպաշտությամբ և Աստծո տված շնորհն ու արժեքը գնահատելով մենք կապրենք ճիշտ:
Հուսահատ մտքերի ծագումը
– Սուրբ Նեղոս Սինայեցին ասում է՝ տրտմությունը անձի լքվածության զգացումն է, որը բաղկացած է բարկությունից և իրերի կորստյան գիտակցումից: Բարկությունը և իրերի կորստյան զգացումն են հարուցում տրտմություն և հուսահատություն: Մեր անձը, Աստծո տնօրինությամբ, նախ հոգևոր է, ապա շնչական և մարմնավոր:
Մեր կյանքի շնչական և մարմնավոր ոլորտները կրում են հոգևոր ապրումների հետևանքը: Մեր հոգում այն, ինչ տեղի է ունենում, հարուցում է որոշակի բարիք կամ չարիք մեր անձի մեջ: Եթե կա սեր, կա մխիթարություն, կա հույս և փրկություն: Եթե չկա սեր, կա բարկություն, նախանձ, հպարտություն, ծուլություն, որոնք մեր մեջ հարուցում են մահ:
Հավատո՞ւմ ենք, որ Աստված մեր մեջ ու մեզ հետ է
– Անտարբերությունը կարող է նպաստել հուսահատ գաղափարների առաջացմանը, եթե մարդը հավատ չունի: Քրիստոս ասում է. «Ես ձեզ հետ եմ բոլոր օրերին, մինչև աշխարհի վախճանը»։ Այս խոսքն ամրապնդվում է մեր մեջ: Երբ կանգնում ենք աղոթքի, Աստվածաշունչ ենք ընթերցում, Սուրբ Պատարագի ժամանակ հաղորդվում ենք, Աստված մեր մեջ է և թույլ չի տալիս, որ լքվածության զգացում ունենանք: Մենք հավատո՞ւմ ենք, որ Աստված մեր հետ է:
Հուղարկավորության կարգ չի կատարվում
– Ինքնասպանության դեպքում հուղարկավորության կարգ չի կատարվում, քանի որ մարդն ինքն իրեն զրկում է ապաշխարելու, Աստծո արքայություն մտնելու հնարավորությունից: Մենք հորդորում ենք ինքնասպան եղած մարդու հարազատներին, որ աղոթքներում հիշեն իրենց հարազատին, խնդրեն Աստծո ողորմությունը:
Գիտակցության մթագնումներ, չգիտակցված արարք
– Ինքնասպանությամբ մարդը չի կարող հասնել սիրելիին: Եթե չունի Աստծո նկատմամբ սեր ու պատասխանատվություն, ինչպե՞ս կհասնի հարազատների նկատմամբ սիրուն: Պետք է հաշտվենք Աստծո հետ: Ապաշխարությունն է մեզ հաշտեցնում Աստծո հետ: Սակայն, կան գիտակցության մթագնումներ կախված տարբեր հոգեկան ապրումներից՝ անտանելի մարմնական ցավեր, հոգեկան ծանր ներքին ապրումներ, որոնք մթագնում են մարդու գիտակցությունը, պատրանքի մեջ են գցում՝ ստեղծելով տրամադրություն իբրև թե ինքնասպանությունը ճիշտ է, մեղք չէ:
Այդ տրամաբանությունները դեմ են ապաշխարությանը: Եթե համարում ենք, որ արարքը գիտակցված չէր, օրինակ՝ հոգեկան հիվանդության պատճառ էր, ողորմածաբար, ինչպես Աստված մեր նկատմամբ ողորմած է, պիտի կատարենք հուղարկավորության կարգը:
Մի մարդու պատմություն
– Մի մարդ, որը բարձր տեղից ընկել էր, կլինիկական մահ է տարել: Հետագայում պատմել է, որ կլինիկական մահվան ժամանակ տեսել է, թե ինչպես է իր խղճուկ մարմինն ընկած, ու վեր է բարձրացել: Անցել է թունելի միջով, հայտնվել լույսի մեջ և զգացել է այլ անձի ներկայություն: Հարց է լսել, թե ինչ բարի բան է արել:
Տվյալ մարդը հասկացել է, որ այդ անձն ամեն ինչ գիտի իր մասին: Մենք գիտենք, որ կանգնելու ենք Աստծո առաջ: Այն հավատը, որ մահվանից հետո կա պատասխանատվություն Տիրոջ առաջ, բարեպաշտ քրիստոնյային թույլ է տալիս ցավին համբերել:
Անձնազոհությունը
– Հիսուս Քրիստոս ասում է. «Ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար»: Օրինակ, երբ մարդը, մարտի դաշտում հայրենիքի պաշտպանության համար, զոհում է իր անձը, սա անձնազոհություն է: Մեծ եղեռնի ժամանակ շատ օրիորդներ, որոնք ցանկանում էին իրենց մաքրությունը Քրիստոսին նվիրել, չպղծվել, ժայռից ցած էին նետվում: Սա նույնպես ինքնասպանություն չէ:
Էֆթանազիա. մե՞ղք
– Աստված մահ չի ստեղծել, սակայն չարն իր հնարամտությամբ այն ստեղծեց: Էֆթանազիա հունարեն բառը նշանակում է հեշտ մահ: Սպառելով բոլոր բժշկական մեթոդները մարդիկ ցանկանում են ազատվել անխուսափելի, անբժշկելի ցավից:
Ցանկանում են մահը արագացնել և դեղորայքային միջոցներով թեթևացնել ապրումները: Եթե մարդը ցանկանում է ցավից ազատվել ու խնդրում է, որ իրեն սպանեն, սա մեղք է: Տվյալ մարդն ուզում է, որ ցավեր չլինեն, ոչ թե մեռնել:
Այլ հարց է էֆթանազիայի պասիվ ձևը, երբ մարդիկ նկատի ունենալով, որ իրենց հարազատը շուտով պետք է մահանա, թույլ են տալիս անջատել բժշկական սարքերը: Տվյալ դեպքում ինչ-որ ձևով չեն արագացնում մահը, պարզապես օգնող միջոցներն են անիմաստ համարում: Մարմնական հիվանդության և ցավից բացի կա հոգևոր հիվանդություն և ցավ, որից մենք կազատվենք ապաշխարությամբ:
Մինչև ե՞րբ պիտի տրվենք հաճույքներին, չմտածելով, թե դրանք որքանով են մեզ հեռացնում Աստծուց, չապաշխարենք և որևէ պատասխանատվություն չկրենք մեր մեղքերի համար: Աստված թույլ է տվել, որ մարդը ցավեր ունենա, որ գոնե այդպես կարողանա ապաշխարել: Մենք՝ հիվանդի հարազատները, քրիստոնեաբար պետք է մեր հարազատին մխիթարենք աղոթքներով:
Անի Ավագյան

