Պորտուգալիան Հայաստանի հավաքականի դեմ դուրս կգա հատուկ խաղաշապիկով
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Աշխարհի 2026թ. առաջնության որակավորման փուլի F խմբի վերջին տուրի շրջանակներում, Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականը Պորտուի «Դրագաու» մարզադաշտում կհյուրընկալի Հայաստանի ընտրանուն։
Այս խաղը պատմական նշանակություն կունենա պորտուգալացիների համար. թիմը խաղադաշտ դուրս կգա լեգենդար Էուսեբիոյին նվիրված հատուկ, սահմանափակ քանակով թողարկված մարզաշապիկով։
«Puma» ընկերության պաշտոնական մարզաշապիկների մշակման պատասխանատու Նիկոլայ Կակաոն հաստատել է, որ այս բացառիկ հանդերձանքը կկիրառվի միայն Հայաստանի դեմ կայանալիք հանդիպմանը։
Մարզաշապիկի գերակշռող սև գույնն ընտրվել է ի պատիվ Էուսեբիոյի «Սև հովազ» մականվան։ Դիզայնի ոսկեգույն դետալները նշում են նրա կողմից 1965 թվականին «Ոսկե գնդակի» նվաճման 60-ամյակը։ Մարզաշապիկից թողարկվել է ընդամենը 1965 նմուշ։
Նիկոլայ Կակաոն հույս է հայտնել, որ լեգենդար խաղացողի ոգին կոգեշնչի ներկայիս հավաքականին. «Երբ դու հագնում ես մարզաշապիկ, որը պատվում է Էուսեբիոյին, դու անմիջապես զգում ես էներգիան… և հուսով ենք, որ դա կբերի կատարյալ արդյունք»։

